555 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն![]() 9 հունիսի 2026 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ստացել են ընդհանուր առմամբ 30 դիմում՝ ներկայացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց ու թեկնածուների կողմից։ Հաղորդագրության համաձայն՝ ներկայացվել են 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու պահանջներ, հայտնում է Factor.am-ը: «ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու»,- նշված է հաղորդագրությունում։ ԿԸՀ-ի տվյալներով՝ հանրապետությունում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21-ը վերահաշվարկ անցկացնելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Նշվել է նաև, որ վերահաշվարկի գործընթացը կազմակերպվում է ԸԸՀ-ների նստավայրերում, ուղիղ հեռարձակմամբ, և բաց է այն անձանց համար, որոնք իրավունք ունեն ներկա գտնվելու այդ նիստերին։ Նրանց թվում են հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, դիտորդական առաքելությունների անդամները, ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, թեկնածուները և լիազորները՝ ԿԸՀ-ի կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ստացել։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |