ՀԱԿ-ի կոչն ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին՝ չհրաժարվել մանդատներից![]() 12 հունիսի 2026 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանել ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ ՀԱԿ-ը նաև կոչ է արել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն «օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար»: «Ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվել է իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։ Մասնավորապես՝ ● Քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից մինչև 01։00-ն մի շարք տեղամասերում կազմակերպված բանակի ուղղորդված քվեարկությունը աննախադեպ խախտում է, որը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության ու հավասարության սկզբունքներին, և պահանջում է համակողմանի քննություն։ ● Իշխանությունն ամբողջ ծավալով կիրառել է վարչական ռեսուրսը՝ պետական կառավարման համակարգը ծառայեցնելով սեփական ընտրական շահերին։ ● Իշխանության նախընտրական քարոզչության նպատակով լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային բյուջեների միջոցները, պետական հիմնարկների, համայնքային կառույցների և պետական ռեսուրսների հնարավորությունները՝ կոպտորեն խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։ ● Հանրային հեռուստատեսությունը կոպտորեն խախտել է քաղաքական ուժերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ քարոզարշավի ընթացքում ակնհայտ տեղեկատվական առավելություն ապահովելով իշխանությանը։ ● Ընտրական ամբողջ գործընթացն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, ակտիվիստների և ընտրողների նկատմամբ ճնշումներով, ահաբեկմամբ, ատելության խոսքով, ապօրինի ձերբակալություններով և քրեական հետապնդումներով, որոնք շարունակվել են նույնիսկ քվեարկության օրը։ Ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ղեկավարներ և ակտիվիստներ՝ խաթարելով ազատ քաղաքական մրցակցությունը։ ● Բազմաթիվ տեղամասերից ստացվել են տեղեկություններ ընտրողների ուղղորդված և վերահսկվող քվեարկության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ինչպես նաև իշխանության օգտին կատարված հավելագրումների և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված այլ լուրջ խախտումների վերաբերյալ։ ● Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք էականորեն խաթարել են գործընթացի թափանցիկությունը և լրացուցիչ կասկածներ առաջացրել հաշվարկի օրինականության վերաբերյալ։ ● Մի շարք համայնքներում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է բռնություններով, սպառնալիքներով, ֆիզիկական ճնշումներով և այլ ապօրինի գործողություններով։ ● Արձանագրվել են արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ դրսևորումներ, որոնք, մեր գնահատմամբ, բացասաբար են ազդել ընտրական գործընթացի ազատության և հավասարության վրա։ ● Ընտրական տեղամասերի ընդամենը 10 տոկոսի (իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5 տոկոսից էլ պակաս) արդյունքների հրապարակումից հետո սեփական հաղթանակի մասին իշխանության հրապարակային հայտարարությունն արվել է այն պահին, երբ դեռ տեղամասերի մեծամասնությունում հաշվված չէին քվեների մեծ մասը։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները, նախնական տվյալներով չստանալով իրենց ակնկալած արդյունքները, որոշել էին այդ հայտարարությամբ կոպտորեն միջամտել ընտրական գործընթացին եւ ապօրինաբար փոխել քվեարկության վերջնական արդյունքը։ ● Մաթեմատիկական վերլուծությունը, հիմնված Գաուսի կորի անոմալիաների գնահատման մեթոդի վրա, երևան է հանում իշխանության օգտին տասնյակ հազարավոր ձայների կեղծման ապացույցներ, ինչը պահանջում է անկախ մասնագիտական փորձաքննություն և միջազգային մակարդակով գնահատական։ Վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն կարող համարվել ՀՀ քաղաքացիների ազատ, հավասար և անկաշկանդ կամարտահայտության անվիճելի արտահայտություն։ Ուստի, այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ»,-ասվում է հայտարարության մեջ: ՀԱԿ-ը կոչ է անում ՀՀ իրավասու մարմիններին, միջազգային դիտորդական առաքելություններին և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ միջազգային կազմակերպություններին իրականացնել ներկայացված բոլոր փաստերի և պնդումների համապարփակ, անկախ և անաչառ քննություն։ Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։ Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |