«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքների հարցող դիմելու են դատարաններ

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքների հարցող դիմելու են դատարաններ

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստանը» դատական հայցեր է ներկայացնելու բոլոր զրպարտիչների դեմ, հայտարարել է այդ ուժի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում: Նա այդպես է պատասխանել իշխանությունների կողմից հնչեցվող այն մեղադրանքների մասին հարցին, թե իրենք ընտրակաշառքի միջոցով են ընտրվել:

Մելոյանը նշել է, որ նման պնդումները նախ և առաջ վիրավորական են Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, հայտնում է Aysor.am-ը:

«Պետք է վերջ դրվի մեր նկատմամբ զրպարտչական մանիպուլյացիաներին։ Մենք սկսելու ենք դատական հայցեր ներկայացնել բոլոր զրպարտիչների դեմ»,-ասել է նա:

Նա նշել է, որ ԿԸՀ-ն սկզբում ներկայացրել է իր որոշման նախագիծը, սակայն իրավիճակը սովորականից տարբերվել է, քանի որ արձանագրվել են աննախադեպ քանակի և ծավալի միջամտություններ։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք եղել է թեկուզ մեկ դեպք, երբ ՔՊ անդամների նկատմամբ վարույթներ հարուցվեն և նրանք պատասխանատվության ենթարկվեն։

«Որևէ դեպք չկա, և սա ամենապարզ օրինակն է, թե ինչ կեղծարարություններ են եղել»,-ասել է Մելոյանը:

Պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ հաջորդ քայլը Սահմանադրական դատարան դիմելն է լինելու, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, որ եթե ԲՀԿ-ին պակասել է մոտ 120-130 ձայն՝ խորհրդարան անցնելու համար, ապա «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանում հայտնվելու դեպքում ՔՊ-ն չէր ունեցել 3/5 մեծամասնություն։

«Հիմա այն տեղամասերը, որոնք անվավեր են ճանաչվել, «Բարգավաճ Հայաստանը» միասին ուներ 200-ից ավելի ձայն։ Այսինքն՝ եթե այդ ձայները հաշվվում էին, ինքն անցնում էր խորհրդարան, ու «Քաղաքացիական պայմանագիրը» զրկվում էր 3/5-ից։ Հիմա, փաստորեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ասում է՝ դա էական ազդեցություն չէր ունենալու վերջնական արդյունքների վրա։ Իսկ եթե դա չէր ունենալու, էլ ի՞նչն էր ունենալու վերջնական արդյունքի վրա ազդեցություն։ Հասկանում եք՝ ուղղակի ոչ մի ձև տրամաբանությանը չի դիմանում, էլի՛։ Այս կեղծարարության աստիճանն այնպես ակնհայտ է, որ օրը ցերեկով… չգիտեմ, նորմալ չէ ամեն ինչը»,-ասել է նա։

Քոչարյանը նաև նշել է, որ ՍԴ դիմելուց բացի, համատեղ մյուս գործընկերների հետ պետք է հասկանան պայքարի մնացած ձևերը, որոնք են կիրառվելու։

«Սա մի հոգու խնդիր չէ. թեկուզ ԲՀԿ-ի մանդատների հարցն էր, բայց սա ընդհանուր իրավիճակի խնդիրն է, ու կարծում եմ՝ այս որոշումները պետք է ընդունվեն միաձայն»,-ընդգծել է նա։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---