Իոաննիսյան. Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումն ապօրինի է և պետք է փոխվի ՍԴ կողմից![]() 15 հունիսի 2026 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումն «ամբողջությամբ ապօրինի է և պետք է փոփոխվի Սահմանադրական դատարանի կողմից, հայտարարել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, հայտնում է Factor.am-ը: Նա անդրադարձել է 12/13, 10/51 և 36/65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չանցկացնելու վերաբերյալ ԿԸՀ որոշմանը։ «ԿԸՀ նախագահի հայտարարությունն ուղղակի ես համարում եմ համարժեք նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղղակի հայտարարել է, որ օրենքը սխալ է, հետևաբար՝ իրենք օրենքին չեն հետևում: Հանձնաժողովը հայտարարել է, որ այ, քանի որ ընտրողների 99 և քանի տոկոսն արդեն արտահայտել է իր կամքը (քվեն), և այդ երեք տեղամասերում վերաքվեարկության դեպքում այդ տեղամասերի ընտրողները գիտեն, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ տեղի կունենա տակտիկական քվեարկություն (tactical voting): Այսինքն՝ ընտրողները կքվեարկեն հաճախ ոչ այնպես, ինչպես իրենց քաղաքական նախասիրություններն են, այլ զուտ որպեսզի այս կամ այն արդյունքները լինեն համապետական մակարդակում: Թարգմանելով հայերենի՝ մոտավորապես հետևյալն է, որ բոլոր ընդդիմադիր ընտրողները կքվեարկեին այստեղ «Բարգավաճ Հայաստանին», քանի որ «Բարգավաճ Հայաստանի» ընտրվել-չընտրվելը նաև այդտեղից՝ այդ տեղամասերում է ըստ էության որոշվելու, և մնացած ամեն ինչ արդեն որոշված է, և ընտրողները դա գիտեն»,-ասել է Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ այս մոտեցման մեջ առկա է երկու խնդիր։ Առաջինը, ըստ Իոաննիսյանի, այն է, որ ԿԸՀ նախագահի ներկայացրած հիմնավորումը մանիպուլյատիվ է, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» արդեն հավաքել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար բավարար ձայներ։ Սակայն, նրա գնահատմամբ, ավելի կարևոր խնդիրն այն է, որ տակտիկական քվեարկության հավանականությունը ցանկացած դեպքում գոյություն ունի առանձին տեղամասերում վերաքվեարկության ժամանակ։ «Այսինքն՝ օրենսդիրն ի՞նչ է ասում. ասում է՝ առանձին տեղամասերում վերաքվեարկությունը լինում է ընտրություններից երկու շաբաթ հետո, այսինքն՝ երբ որ բոլորն արդեն գիտեն ընտրությունների մնացած տեղամասերի արդյունքը: Եվ երկրորդ՝ ասում է, որ առանձին տեղամասերում վերաքվեարկություն լինում է այն ժամանակ, երբ որ այդ տեղամասերի քվեն էական է ընտրությունների արդյունքների համար: Այսինքն՝ ցանկացած իրավիճակում, երբ որ առանձին տեղամասերում վերաքվեարկություն է լինում, նույն տակտիկական քվեարկություն դիտվելու է: Եվ ուրեմն ի՞նչ. ուրեմն այդ հիմքով կարելի է ընդհանրապես ասել, որ Ընտրական օրենսգրքի միջից պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրչով ջնջի առանձին տեղամասերում վերաքվեարկության կարգավորումը: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի լիազորություններն իրեն վերապահելու ակնհայտ, ոնց ասեմ, փորձ է»,- նշել է նա։ Իոաննիսյանը նաև հայտնել է, որ ակնկալում է՝ Սահմանադրական դատարանը կփոխի այս որոշումը, քանի որ, նրա գնահատմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «ապօրինաբար փոխել է քվեարկության արդյունքները»։ ԿԸՀ նախագահ Հովակիմյանի հայտարարության մեջ ասվում էր. «Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99․8 տոկոս)»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |