Գալյան. Կալանավորների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով

Գալյան. Կալանավորների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով

PanARMENIAN.Net - Կալանավորների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա հայտնել է, որ ազատությունից զրկված անձանց թիվը գերազանցել է 3000-ը, սակայն դատապարտյալների թիվը դեռ շարունակում է ավելի բարձր մնալ, քան կալանավորվածներինը։ Այդ մասին նա խոսել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ընթացքում, հայտնում է 1lurer.am-ը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատվել է երկու ցուցանիշների միջև տարբերության նվազում։

«Ինչ-որ պահի տարբերությունը հասնում էր 80-ի, հիմա տարբերությունը 20 է: Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում կալանավորների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են դրա մասին խոսում։

Անցած տարվա մեր քննարկումներից հետո նկատեցինք, որ կալանավորների թիվը նվազում է, դրա համար 5 տարվա մեջ առաջին անգամ գրանցեցինք այդ արդյունքը, որ դատապարտյալների թիվն աճեց կալանավորների թվից»,- ասել է Գալյանը։

Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ տնային կալանքը խնդրի լիարժեք լուծում չէ, քանի որ շատ դեպքերում այն պարզապես փոխարինում է մեկ այլ խափանման միջոցի։

Գալյանը կապ է տեսել նաև դատական վարույթների արագության և կալանավորվածների թվի նվազեցման միջև։

«Երբ ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, տեսանք, որ 5 տարի և ավելի կալանք կրող անձինք ունեինք, ինչը շատ ցավալի և ոչ ընդունելի փաստ է մեզ համար, ու մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ֆենոմենը պայմանավորված է հիմնականում դատավորների հաճախ փոփոխությամբ»,- ասել է նա։

 Ուշագրավ
---