Կարապետյան. Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը՝ որոշման համար դեռ ժամանակ կա

Կարապետյան. Մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում է իշխանությունը՝ որոշման համար դեռ ժամանակ կա

PanARMENIAN.Net - ԱԺ մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նշել է, որ մանդատների ընդունման հարցում վերջնական որոշում դեռ չկա, և թեման պետք է քննարկվի բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։

«Եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը: Մի կողմում այս խնդիրն է, մյուս կողմում էլ մանդատները վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունն ապահովելու հարցն է»,-ասել է Կարապետյանը:

Նա նշել է, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։ Կարապետյանը վստահ է, որ ձևավորել են լավ ու ուժեղ թիմ և, ըստ այդմ, չի վախենում, որ գործող իշխանությունը փորձեր անի իրենց թիմից մարդ «գողանալու»։

«Իհարկե, իրենք փորձեր անելու են, մենք այդ հարցով իլյուզիաներ չունենք, սակայն ես վստահ եմ մեր մարդկանց ուժի վրա։ Դե, իհարկե, մենք էլ ենք փորձեր անելու. դա միակողմանի չի լինելու, քանի որ իրենք արդեն չունեն լեգիտիմ իշխանություն։ Մենք հակառակի հույսն ունենք»,– ընդգծել է նա։

Դաշինքի առաջնորդը պնդել է, որ Սահմանադրական դատարանը պարտավոր է կայացնել իրավաչափ որոշում, քանի որ, ըստ նրա, որևէ կասկած չկա, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը, սակայն երեք ընտրատարածքների արդյունքները չեղարկվել են, և հարցին տրվել է ապօրինի լուծում, հայտնում է Auroranews.am-ը:

Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ նախ դատարանը կայացնի ճիշտ որոշում, իսկ անհրաժեշտության դեպքում քննարկվի նաև նոր ընտրությունների անցկացումը։

Կարապետյանը կոչ է արել այն քաղաքական ուժերին, որոնք, իր գնահատմամբ, իսկապես ցանկանում են պայքարել և չեն համագործակցում Փաշինյանի հետ, բաց ու թափանցիկ կերպով ներգրավվել ընթացող գործընթացներում։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---