18 հունիսի 2026 - 18:46 AMT
Բագրատ սրբազանի տնային կալանքը երկարացվել է 3 ամսով

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։ Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Մեղադրողը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշել է, թե Բագրատ սրբազանի դիրքը, հեղինակությունը հասարակությունում թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել ու կասկածներ հայտնել, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է կատարել այնպիսի արարքներ, որոնք կարող են խոչընդոտել գործի քննությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ի պատասխան նշել է՝ հնարավոր չէ խոչընդոտել մի բան, ինչն անհայտ է։

Նա նաև միջնորդություն է ներկայացրել թույլ տալ Բագրատ սրբազանին մասնակցելու Մայր տաճարում կիրակնօրյա պատարագներին, որը դատավորը բավարարել է։

Բագրատ սրբազանն իր հերթին հայտարարել է, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ հակաահաբեկիչներ։

«Այն, որ մենք ահաբեկիչ չենք, անքննարկելի փաստ է, որ ուզեինք էլ, չէինք կարող լինել։ Ոչ թե մենք ենք ահաբեկիչ, այլ իշխանություններն են ահաբեկված»,- հայտարարել է Բագրատ սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։