Դատարան է ուղարկվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթը![]() 25 հունիսի 2026 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը: Նշվում է, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ: Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը: Վերոնշյալ գործողությունների արդյունքում, պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս: 2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը: Պետությանը պատճառված վնասի՝ մոտ 229 միլիոն դրամի վերաբերյալ, դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: Կարապետ Գուլոյանը հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |