Ստորագրվել է ԱԲ ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն

Ստորագրվել է ԱԲ ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է արհեստական բանականության հնարավորությունների շուրջ ՀՀ և ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Փաստաթուղթը ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի կողմից, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ այս գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ ձևավորելու վստահելի և նորարարության վրա հիմնված արհեստական բանականության ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Համատեղ հայտարարությունը հիմնված է 3 հիմնական առաջնահերթության վրա։

Առաջինը նորարարությանը նպաստող կարգավորումների խթանումն է։ Նախատեսվում է աջակցել այնպիսի քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են արհեստական բանականության ոլորտում նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։

Երկրորդ ուղղությունը վերաբերում է ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը նախատեսում են խորացնել համագործակցությունը ապագայի արհեստական բանականության մատակարարման շղթաների զարգացման ուղղությամբ՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները, կրիտիկական հանքանյութերը, հմուտ աշխատուժը և կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաները։

Երրորդ առաջնահերթությունը մասնավոր հատվածի ներգրավումն է։ Այն ներառում է վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, հետազոտության և զարգացման գործընկերությունների աջակցություն, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների զարգացում, արհեստական բանականության հաշվողական հզորությունների հասանելիության ընդլայնում, վստահելի ԱԲ մոդելների ստեղծում և այլ ուղղություններ։

Այսպիսով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները նպատակ ունեն ձևավորել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու երկրների ժողովուրդներին, կամրապնդի տնտեսությունները և կարտացոլի ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ ընդհանուր արժեքները։

«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են նաև նախաձեռնության անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ պետություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---