Մարագոս. ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում

Մարագոս. ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջխաղացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ընթացքում։

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել երկրի իրավական և ինստիտուցիոնալ համակարգի արդիականացման, իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան գործելակերպի ձևավորման ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը:

Անդրադառնալով համաժողովի նշանակությանը՝ Մարագոսը նշել է, որ «Լավ կառավարման» գործընկերության շրջանակում Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը շարունակում են համատեղ աշխատանքը՝ աջակցելով օրենքի գերակայությանը, ժողովրդավարական կառավարմանը և արդարադատության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ այդ համագործակցությունն ընդգրկել է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանը։

«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում ազգային սահմաններով։ Հանցավոր ցանցերը միջազգային համագործակցություն են իրականացնում։ Մեր արձագանքը պետք է շատ լավ համակարգված լինի։ Այսպիսի համաժողովները արժեքավոր հնարավորություն են ընձեռում միմյանցից սովորելու, գործնական փորձ փոխանակելու, ի հայտ եկող սպառնալիքները բացահայտելու, մասնագիտական ցանցեր կառուցելու, որոնք կարևոր են արդյունավետ միջազգային համագործակցության և սահմաններից դուրս վստահություն կառուցելու համար։ Ես վերահաստատում եմ Եվրոպական միության ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և մեր շարունակական գործընկերությանը Հայաստանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ»,-ընդգծել է Վասիլիս Մարագոսը։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանն առանձնանում է ժողովրդավարության նկատմամբ իր նվիրվածությամբ և կարևոր բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ։

Մարագոսը նաև նշել է, որ Եվրոպական միությունը ֆինանսական ակտիվների վերականգնումն ու բռնագրավումը դիտարկել է որպես ծանր և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կարևոր գործիք։

«Փողի հետևից գնալը շատ հաճախ հանցավոր ցանցերը քանդելու ամենաարդյունավետ միջոցն է: Հանցագործներին իրենց շահույթից զրկելը ոչ միայն արդարադատություն է ապահովում, այլև վերացնում է հանցավոր գործունեությունը խթանող ֆինանսական խթանները: Ակտիվների արդյունավետ վերականգնումն անմիջականորեն նպաստում է հանրային վստահության բարձրացմանը արդարադատության համակարգի, ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Միևնույն ժամանակ, մեր ջանքերը պետք է մնան ամուր հիմքերի՝ մարդու իրավունքների, պատշաճ դատավարության և իրավական որոշակիության հարգանքի վրա: Սեփականության իրավունքների պաշտպանությունը, դատական վերահսկողությունը, համաչափությունը և ընթացակարգային երաշխիքները ակտիվների վերականգնման ցանկացած հաջողված շրջանակի էական տարրեր են:Եվրոպական Միությունը ողջունում է բռնագրավված և առգրավված ակտիվների կառավարմանը տրվող աճող ուշադրությունը, իսկ ակտիվների պատշաճ կառավարումը հաճախ անտեսված, բայց վերականգնման գործընթացի կարևորագույն բաղադրիչ է»,-ընդգծել է Հայաստանում ԵՄ դեսպանը։

 Ուշագրավ
---