Բնակավայրերի մուտքերի մոտ պետական դրոշի տեղադրման միասնական կարգ կսահմանվի

Բնակավայրերի մուտքերի մոտ պետական դրոշի տեղադրման միասնական կարգ կսահմանվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պետական դրոշ տգեղադրելու նախագծին: Պետական դրոշի տեղադրման միասնական կարգ կսահմանվի:

Նախագիծը ներկայացնելով՝ պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ ներկայում Հայաստանի բնակավայրերում և համայնքներում պետական դրոշի տեղադրման վերաբերյալ իրավական կարգավորում չկա, հայտնում է 1lurer.am-ը:

Նախագիծը հեղինակել են ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Քննարկման ընթացքում պատգամավորները հետաքրքրվել են պետական դրոշի օգտագործման ընդհանուր կարգով և բնակավայրերում դրա տեղադրման վայրի ընտրության սկզբունքներով։ Հիմնական զեկուցողը ներկայացրել է համապատասխան պարզաբանումներ։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը, որը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը։

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից։

Քննարկման արդյունքում հանձնաժողովը լրամշակված տարբերակով օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն։

 Ուշագրավ
---