Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի նախկին խոսնակ, ռազմական վերլուծաբան-փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Ալբերտ Բաղդադյանը ազատվել է համալսարանի պետի պաշտոնից։

Նախագահի այլ հրամանագրերով գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար, իսկ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Արմեն Գյոզալյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի, Լևոն Դավիդյանը՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի, Համլետ Լևոնյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը` ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Հովհաննիսյանը 2012-2020 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնը, 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա ասուլիսները։ 2021-ին նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, իսկ 2023-ին՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ։

 Ուշագրավ
---