Հովհաննիսյանը՝ IMEI մասին․ Կամբոջական, թուրքական, ռուսական մոդելն եք ընտրել եվրոպականի փոխարեն՝ ինչո՞ւ

Հովհաննիսյանը՝ IMEI մասին․ Կամբոջական, թուրքական, ռուսական մոդելն եք ընտրել եվրոպականի փոխարեն՝ ինչո՞ւ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան տեսանյութում ներկայացրել է բջջային հեռախոսների IMEI համարների գրանցման համակարգի վերաբերյալ իր դիտարկումները՝ պնդելով, որ անձնական տվյալներ այնուամենայնիվ «հավաքագրվելու են և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»:

Նա նաև նշել է, որ ընտրվել է կամբոջական, թուրքական, ռուսական մոդելը եվրոպականի փոխարեն, և հարց բարձրացրել՝ ինչո՞ւ:

«Յուրաքանչյուր հեռախոս ունի այսպես ասած եզակի համար, որը գրանցվում է, նրա անձնագիր է, կոպիտ ասած։ Հիմա Հայաստանի կառավարությունը ասում է՝ գիտեք ինչ, ես ուզում եմ մաքսանենգության դեմ պայքարել, որ մաքսանենգ ճանապարհով հեռախոսներ չմտնեն, կեղծված նույնականացման համարներով հեռախոսներ չլինեն, և օրինական ներմուծողների շահերը պաշտպանեմ։ Թվում է օրինաչափ նպատակ է, այդ մասին իրենք են հայտարարել, ասում են, որ կապ չունի անձնական տվյալների հետ: Կապ չունի, կապ չունի, բոլորը սա են ասում, իսկ իրականում այդպես չէ:

Նախ արձանագրենք, որ եթե իրենք այս գործիքը մտցնում են մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, ապա խոստովանում են որ լավ չի իրականացնում դրա դեմ պայքարը։ 2023-ին օրենք է ընդունել, որ 2025-ի հունվարի մեկից ՊԵԿ-ը կարող է գնալ չափագրումներ անել տնտեսվարողների մոտ, ստուգել իրացման ու ձեռքբերման ծավալները, համեմատել ու հասկանալ, արդյոք նրանք ավելի շատ են իրացրել, քան ձեռքբերման փաստաթղթերով երևում է։ Իրենք դա չեն արել։

Առհասարակ մեկուկես տարի ոչ մի վարչարարություն այս ընդունված օրենքի շրջանակում, որը դրա համար էին իբր ընդունել, չեն արել։ Ոչ մի խոստովանություն, ոչ մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն և հանկարծ ըհը, այս մի գործիքն եմ բերում:

Եվրոպայում GSM համակարգը, որ կա, հա, այդ համակարգում կարող է ստեղծել ՊԵԿ-ում շտեմարան, գրանցել այդ եզակի համարները, դա տալ օպերատորներին, ասել այ այս համարներին տուր բջջային կապ, այդ դեպքում ինչ-որ մի տեղ կհասկանայինք: Բայց դրանով չեն սահմանափակվում, իրենք ուզում են հետևյալ տեղեկատվությունը, որ այս հեռախոսը պատկանում է այսինչ մարդուն, որը օգտագործում է այնինչ հեռախոսի համարը, ու տեսնում են ամբողջ պատմությունը` հեռախոսի համարը երբ է դրվել հեռախոսի մեջ է և այլն»,-ասել է Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ որ փորձում են փաստարկ վերել, թե գործող հեռախոսների վրա դա չի տարածվելու, սակայն, մարդիկ անընդհատ հեռախոս են փոխում, գնում և այլն: Ըստ նրա՝ դա շատ վատ աշխատող փաստարկ է:

«Ուզում եք օգտագործողի տվյալները, ընդ որում չեք էլ գրում ինչ տվյալ, ինչի՞ եք ուզում, ինչի՞ եք անձնական տվյալներ ուզում: Ձեր նպատակը միանգամից իրավապահ մարմիններին գործն ավելի հեշտացնելն է: Այսինքն կամբոջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն եք ընտրել Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն, ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ ճիշտը չեք ասում Հայաստանի քաղաքացիներին, որ անձնական տվյալներ եք հավաքագրում և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար, չէ», - նշել է նա։

Կառավարությունը հայտարարել է, որ IMEI համարների գրանցումը կապ չունի անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ, ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։ Համակարգը թույլ կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։

Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։

 Ուշագրավ
---