Փաշինյան. Խնդիր ենք դրել 2029-ին ունենալ վիզաների ազատականացում՝ մեզնից է կախված![]() 2 հուլիսի 2026 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը խնդիր է դրել 2029-ին ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատանքային այցի շրջանակում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, իսկ երկկողմ հարաբերությունները դարձել են առավել սերտ, քան երբևէ, հայտնում է Aravot.am-ը: «Նախընտրական շրջանում հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք երկու տարվա ընթացքում այսինքն՝ 2029-ի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն։ Համաձայն եմ՝ շատ բան մեզնից է կախված․ հարցերը ոչ թե ԵՄ-ին պիտի տանք, այլ մեզ, թե ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀ ժողովուրդը սպասում է այդ որոշմանը։ Մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Հույս ունեմ, որ մենք բավականին արագ ու արդյունավետ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,-ասել է նա: Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը շոշափելի արդյունք տա ՀՀ քաղաքացիների համար, Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ՀՀ-ն ԵՄ-ի միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզաների ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ։ «Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Գիտենք, որ նվիրված եք այդ օրակարգին։ Գնահատման նոր առաքելություն կգա այս աշնանը ՀՀ առաջընթացը գնահատելու համար։ Սա գործընթաց է, որն առաջնորդվում է որոշ չափանիշների բավարարմամբ։ Դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, բոլոր անհրաժեշտ չափանիշները բավարարելուց հետո կարող ենք անցնել վիզաներից ազատ ռեժիմի»,-ասել է նա: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին տրամադրված 52 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության համար՝ նշելով, որ հայկական կողմը հուսով է, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանման խթանման ուղղությամբ ԵՄ աջակցությունը շարունակական կլինի։ Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ երկրներում հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ դրա ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ Եվրոպական միությունը կկիրառի այդ գործիքը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար՝ 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |