Փաշինյանը Թեհրանում է․ Մեկնարկում է Խամենեիի հրաժեշտի արարողությունը![]() 3 հուլիսի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ժամանեցի Թեհրան՝ մասնակցելու ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Հայաստանի վարչապետը հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ին մեկնելու է Իրան, վերադառնալու է նույն օրը։ Վարչապետն ընդգծել էր, որ այցի ընթացքում նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ։ Հուլիսի 3-ի առավոտյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրան, և իրանցիներն արդեն սկսել են վերջին հրաժեշտը տալ այաթոլլային, հայտնում է Sputnik Արմենիան: Վերջին հրաժեշտի արարողությունները նախատեսվել են անցկացնել Իսլամական Հանրապետության մի շարք քաղաքներում։ Դրանք կտևեն մինչև հուլիսի 9-ը։ Սգո միջոցառումներին նախատեսվել է մոտ 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությունը։ Թեհրանում հրաժեշտի արարողությունները տեղի են ունենալու հուլիսի 4-6-ը, իսկ Ղոմում՝ հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը նախատեսվում է տեղափոխել Իրաք, որպեսզի շիա մուսուլմանները վերջին հարգանքի տուրքը մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։ Խամենեին սպանվել է ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվել է մարտի 1-ին։ Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ է դարձել նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, սակայն հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |