70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն, լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել են, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։

 Ուշագրավ
---