Տոնոյան․ «Օլիմպավանից» դուրս են բերել օտարերկրյա մարզիկներին՝ միջազգային սկանդալ է![]() 6 հուլիսի 2026 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մարզաբազա «Օլիմպավանից» օտարերկրյա մարզիկների դուրսբերումը միջազգային սկանդալ կառաջացնի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Խայտառակ նախադեպի հետ գործ ունենք, որովհետև «Օլիմպավանի» սենյակներից դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա միջազգային սկանդալ է։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները, բնականաբար, ուշադրություն կդարձնեն այս փաստին»,- ասել է Տոնոյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա ընդգծել է, որ տեղի ունեցողը ազդեցություն է ունենում երկրի միջազգային հեղինակության վրա։ Տոնոյանը նաև նշել է, որ այս պահին կաթվածահար են տասնյակ ընկերությունների աշխատանքները, իսկ հազարավոր աշխատակիցներ չեն կարողանում մուտք գործել իրենց աշխատավայրեր։ Նրա խոսքով՝ միաժամանակ խուզարկություններ են իրականացվում «Արարատցեմենտ», «Մուլտի սթոուն», «Մուլտի տաբակ» ընկերություններում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Վելնես» համալիրում, բազմաթիվ հյուրանոցներում, այդ թվում՝ Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ», Վերին Պտղնիում գտնվող «Մուլտի գրանդ Փարավոն»-ում և այլն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն։ Այնուհետև հայտնի է դարձել, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Խուզարկություններ են իրականացվում նաև «Օլիմպավանում», որտեղ մարզական հավաքի շրջանակում տարբեր երկրներից ժամանած մարզիկներ են։ ՔԿ-ն հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվում ավելի քան 70 հասցեներում: Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել են, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |