Ջուլֆալակյանն «այլանդակություն է» որակել Ծառուկյանի հետ կատարվածը, Ավդալյանն իր մարդկային աջակցությունը հայտնել![]() 8 հուլիսի 2026 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ընթացքում իրականացված գործողություններին` դրանք որակելով «այլանդակություն»: Ջուլֆալակյանը նշել է, որ 2020 թվականի փետրվարից Գագիկ Ծառուկյանի հետ որևէ հարաբերություն չունի, իսկ այդ ընթացքում միայն մեկ անգամ են հանդիպել Փարիզում, երբ վերջինս մեկնել էր ըմբշամարտի մրցումները դիտելու։ «Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում: Բայց այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Սա ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է: Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու:»,–գրել է Ջուլֆալակյանը։ Նա նաև ընդգծել է, որ «բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես լինում, բացարձակ իրավական ամենաթողության և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության»։ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում «իր մարդկային աջակցությունն է արտահայտել» Ծառուկյանին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրավական կամ քաղաքական հարցերին գնահատական տալ չի կարող, քանի որ չի տիրապետում իրավիճակին: «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետեւ դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։ Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։ Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»,- գրել է Նազիկ Ավդալյանը: Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և տարբեր տարիներին ֆինանսական ու կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ մարզաձևերի ներկայացուցիչների։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: Ծառուկյանին ձերբակալել են՝ 7-8 հոգով տապալելով գետնին և հետո ձեռնաշղթաներ հագցնելով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |