Ծառուկյան. Շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին

Ծառուկյան. Շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորվել է, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել։

Նա հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը «դատարկ, փուչիկ գործ» է, շարունակելու է ուժերի ներածին չափով օգտակար լինել իր երկրին, իր ժողովրդին:

«Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։

Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։

Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ»,-ասվում է ուղերձում:

Ծառուկյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ՝ հավելելով, որ սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։

«Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործն այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։

Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։

Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։

ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։

Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»,-ասվում է ուղերձում:

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:

 Ուշագրավ
---