MONEYVAL-ը Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարն անարդյունավետ է գնահատել

MONEYVAL-ը Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարն անարդյունավետ է գնահատել

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների հանձնախմբի՝ MONEYVAL-ի «հետագա մշտադիտարկման ուժեղացված հսկողության» ներքո։ Արդյունավետության ու տեխնիկական համապատասխանության տեսանկյունից միջոցառումների մակարդակը բարձր չի գնահատվել, հետևաբար Հայաստանը պարտավոր է MONEYVAL-ին պարբերաբար ներկայացնել առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ, հայտնում է Factor.am-ը:

Հրապարակվել է Հայաստանի՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ (ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) պայքարի համակարգի գնահատման 6-րդ փուլի զեկույցը։ Նախորդ՝ 5-րդ փուլը անցկացվել էր տասը տարի առաջ։

263 էջից բաղկացած փաստաթուղթը ներկայացնում է համակարգի ուժեղ և թույլ կողմերը, արդյունավետության և տեխնիկական համապատասխանության մակարդակը, ինչպես նաև բարելավման նպատակով առաջարկվող քայլերը։ Փոխադարձ գնահատման զեկույցում ներառվել են նաև գնահատող խմբի՝ 2025 թվականի աշնանը Հայաստանում իրականացրած ստուգայցի արդյունքները։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը գովելի քայլեր է իրականացրել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման ուղղությամբ, իսկ այդ ռիսկերը հաղթահարելու ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները գնահատվել են բավարար։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ համակարգը դեռ ամբողջությամբ չի համապատասխանում Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) 40 հանձնարարականներին։

Օրենսդրական և կարգավորող դաշտում Հայաստանը գրանցել է բարձր արդյունքներ, սակայն այդ նորմերի գործնական կիրառման ոլորտում գերակշռել են չափավոր և ցածր արդյունավետության գնահատականները։

MONEYVAL-ը նաև նշել է, որ Հայաստանը թերագնահատում է արտաքին սպառնալիքների ազդեցությունը։ Ըստ զեկույցի՝ իշխանությունները փողերի լվացման հիմնական աղբյուրներ են դիտարկում խարդախությունը, յուրացումը, կոռուպցիան, հարկային հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունները։

Միաժամանակ փաստաթղթում ընդգծվել է, որ փողերի լվացման հետ կապված կասկածելի գործարքների հաղորդումներում ներգրավված միջոցների մոտ 59 տոկոսը կապված է արտաքին գործոնների հետ, մինչդեռ այդ սպառնալիքները հիմնականում դիտարկվում են որպես ներքին։ Հեղինակները խորհուրդ են տվել խորացնել արտաքին ռիսկերի, ահաբեկչության ֆինանսավորման վտանգների և վիրտուալ ակտիվների հետ կապված խոցելիությունների գնահատումը։

Միջազգային համագործակցության ոլորտում Հայաստանը հիմնականում արդյունավետ է գործել, հատկապես կոռուպցիոն գործերի շրջանակում։ Սակայն նման արդյունավետությունը միշտ չէ, որ արձանագրվել է այլ հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերում։ Նշվել է նաև, որ փոխադարձ իրավական օգնությունը որոշ չափով կիրառվել է ակտիվների վերադարձի գործընթացներում։

«Հայաստանում ակտիվ ահաբեկչական խմբեր չկան, չեն արձանագրվել ծայրահեղական քարոզչություն կամ փոքրամասնությունների իրավունքների խախտումներ։ Երկրի քաղաքացիները կամ բնակիչները ընդգրկված չեն ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների ցուցակներում, և ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր ԱՖ ռիսկը գնահատվում է ցածր»,- նշվել է զեկույցում։

Փաստաթղթում նաև արձանագրվել է, որ Հայաստանը վերահսկվող կամ ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների խոշոր արտադրող չէ։ Երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություններ չեն տրամադրվել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման կամ նման զենքերի հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել։

2025 թվականի սեպտեմբերին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո Հայաստանում հայտնաբերվել են անձինք, որոնք համընկել են ՄԱԿ-ի համապատասխան պատժամիջոցների ցանկերում ընդգրկված տվյալների հետ։

Զեկույցում դրական է գնահատվել ֆինանսական վերահսկողության համակարգը և այն միջոցառումները, որոնք կանխում են հանցավոր շրջանակների մուտքը ֆինանսական համակարգ։ Միաժամանակ ընդգծվել է, որ մասնավոր հատվածը դեռևս քիչ է և ոչ բավարար որակով հաղորդում կասկածելի գործարքների մասին։

Փաստաթղթում նշվել է նաև, որ անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների և ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այդ ոլորտում վերահսկողությունը գնահատվել է սահմանափակ արդյունավետ, քանի որ կիրառված պատժամիջոցներն ու շտկման միջոցները բավարար կանխարգելիչ ազդեցություն չեն ունեցել։

Ըստ MONEYVAL-ի՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման գործում կիրառվել է բազմակողմանի մոտեցում, սակայն թափանցիկության բարձրացման համար անհրաժեշտ է զարգացնել իրական շահառուների ռեգիստրը և ապահովել այնտեղ ներառված տվյալների ամբողջականությունն ու արդիականությունը։

Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտում արձանագրված առաջընթացին՝ փողերի լվացման գործերով դատավճիռների թիվը շարունակում է մնալ ցածր։ Գնահատման ժամանակահատվածում գրանցվել են ընդամենը 7 դատավճիռ, որոնք վերաբերել են խարդախության հետ կապված փոքրածավալ «ինքնալվացման» (self-laundering) դեպքերին։ «Ինքնալվացում» է համարվում այն իրավիճակը, երբ հանցագործություն կատարած անձը հետագայում ինքն է իրականացնում այդ հանցագործությունից ստացված միջոցների լվացումը՝ դրանց ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով։

Արդյունավետության և տեխնիկական համապատասխանության գնահատման հիման վրա MONEYVAL-ը Հայաստանի իշխանություններին ներկայացրել է «Հիմնական երաշխավորված գործողությունների» (ՀԵԳ) ճանապարհային քարտեզը, որի պահանջները նախատեսվում է իրականացնել առաջիկա երեք տարիների ընթացքում։

 Ուշագրավ
---