ՀՀ-ն «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից ԱԲ հաշվողական ռեսուրսներ կգնի 25 միլիոն դոլարով

ՀՀ-ն «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից ԱԲ հաշվողական ռեսուրսներ կգնի 25 միլիոն դոլարով

PanARMENIAN.Net - Հայաստանը նախատեսում է 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք բերել՝ արհեստական բանականության ենթակառուցվածքն ու ոլորտի զարգացումն առաջ մղելու համար։ Համապատասխան նախագիծն ընդգրկվել է kառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել 957․9 մլն դրամ՝ մոտ 2․6 մլն դոլար։ Միջոցներն ուղղվելու են արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների՝ գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռքբերմանը, գրում է Factor.am-ը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող արհեստական բանականության գործարանի ստեղծման շրջանակում։ Ծառայությունները նախատեսվում է ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից, որի հետ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր է կնքել 2026 թվականի ապրիլի 17-ին։

Կառավարությունը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից ձեռք է բերելու 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ հինգ տարի ժամկետով։ Ծրագրի շրջանակում նախատեսվել է ձեռք բերել 181 ՋիՓիՅու/ժամ ռեսուրս։

Նախագծով նախատեսվում է 957․9 մլն դրամը վերաբաշխել ԲՏԱ նախարարության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետական աջակցության ծրագրից և ուղղել նոր՝ «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների /գրաֆիկական պրոցեսորների/ հզորության ձեռքբերում» միջոցառման իրականացմանը։

Նախարարության հիմնավորման համաձայն՝ ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված Էնվիդիայի առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ Այն հնարավորություն է տալու բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ տրամադրել արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և ներդրման համար։

Հաշվողական ռեսուրսները նախատեսվում է հասանելի դարձնել ոչ միայն պետական մարմիններին, այլև գիտահետազոտական կենտրոններին, համալսարաններին, ստարտափներին, մասնագետներին և այլ շահառուների։

Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ մի շարք դիտարկումներ է ներկայացրել։ Գերատեսչությունը նշել է, որ նախատեսվող 957․9 մլն դրամի վերաբաշխումը գերազանցել է ԲՏԱ նախարարության ծրագրերի համար սահմանված 2 տոկոս սահմանաչափը։ Նախկին վերաբաշխումները ներառյալ՝ այն կազմել էմոտ 4․1 տոկոս։

Ֆինանսների նախարարության առաջարկներից մեկը վերաբերել է նաև ծրագրի արդյունքային ցուցանիշներին։ Գերատեսչությունը նշել է, որ միայն «կնքված պայմանագրերի քանակը» բավարար չափով չի արտահայտում ծրագրի իրական արդյունքը, քանի որ չի ցույց տալիս ձեռք բերվող հաշվարկային հզորությունների ծավալը։

Նախագծի հեղինակների համաձայն՝ դիտարկումներն ընդունվել են, և փաստաթղթում համապատասխան փոփոխություններ են կատարվել։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ընդունումը պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու, քանի որ գումարը վերաբաշխվելու է արդեն իսկ նախատեսված միջոցների հաշվին։

«Ֆայրբըրդ ԷյԱյ»-ն արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը մեծածավալ ՋիՓիՅու հաշվողական ռեսուրսներ է տրամադրում արհեստական բանականության ժամանակակից մոդելների ուսուցման, գործարկման և գիտական հետազոտությունների իրականացման համար։

Ընկերությունը նախատեսում է 2026 թվականին գործարկել Կովկասի տարածաշրջանի առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը, որն աշխատելու է ամերիկյան Էնվիդիա Բլեքուել գրաֆիկական պրոցեսորներով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---