Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Նա կլինի տնային կալանքի տակ

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Նա կլինի տնային կալանքի տակ

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը փոխել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը տնային կալանքի՝ սահմանելով հեռախոսային խոսակցություններից, կապի և հաղորդակցման այլ միջոցներից օգտվելու, ինչպես նաև այլ անձանց հետ շփվելու արգելք։ Միաժամանակ սահմանվել է 15 մլն դրամի չափով գրավ։

Ավելի վաղ հանրային մեղադրողն առաջարկել էր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարաձգել ևս երեք ամսով, հայտնում է Factor.am-ը:

Վարդան Ղուկասյանն այժմ ամբաստանյալի կարգավիճակում է երեք տարբեր քրեական գործերով՝ կաշառք ստանալու, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր անելու և դատական նիստի ընթացքում հնչեցրած հայհոյանքների մեղադրանքներով։

2025 թվականի հոկտեմբերի 20-ին իրավապահները մուտք էին գործել Գյումրու քաղաքապետարան՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է ութ անձ։

Այդ իրադարձություններին հաջորդել էր բողոքի լայն արձագանք։ Քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիները փորձել էին խոչընդոտել իրավապահների մուտքը շենք, ավելի ուշ տեղի էին ունեցել բախումներ, որոնց հետևանքով եղել էին բերման ենթարկվածներ։ Ի վերջո, Վարդան Ղուկասյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, իսկ հաջորդ օրը դատարանը երկու ամսով կալանավորել էր նրան։

 Ուշագրավ
---