Աշխարհի մեծամասնությունը չգիտի նշանավոր հայերի գործունեության մասին

PanARMENIAN.Net - Մարսելում «Հայ կենսագրական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է «21-րդ դարի սկզբի նշանավոր հայերը. ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ» գիրքը, որը կազմել է հայ գիտնական Ռոբերտ Բախչաջյանը:



Այդ մասին ասվում է Հայաստանի Սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ: Գիրքը հրատարակվել է երկու լեզվով` հայերեն եւ անգլերեն` 400 տպաքանակով:



«Նախքան գրքի վրա աշխատելը ես հաճախ էի նման հանրագիտարանային հատորի կարիք ունենում: Ես հաճախ եմ զղջացել այն մասին, որ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում հայերի, ինչպես նաեւ օտարազգիների մեծամասնությունը չգիտի նշանավոր հայերի գործունեության մասին»,- նշել է Ռոբերտ Բախչաջյանը:



Այդ գիրքը առաջին հատորն է մի ժողովածուի, որը տարածվելու է Հայաստանում, սփյուռքում, ինչպես նաեւ տրամադրվելու է այլազգի գրադարաններին:



Ռոբերտ Բախչաջյանը ծնվել է 1957թ. Գյումրիում: 1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը: Գիտական աշխատանքով է զբաղվել ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1996թ. շարունակել է գիտական գործունեությունը Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում եւ Էքս-Մարսելի համալսարանում: Նրա գիտական մշակումների արդյունքները կիրառվում են քիմիական արդյունաբերության ոլորտի առաջատար այլազգի ընկերությունների կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---