Հայկական մի շարք ԶԼՄներում տպագրվող Արցախի քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանական երեկոյան նիստին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը քննադատեց մի շարք ԶԼՄներում Արցախի խեղաթյուրված քարտեզների տպագրումը եւ նշեց, որ Արցախի այսօրվա քարտեզն արտացոլում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը եւ Շահումյանը, ինչը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ ԼՂՀ «ադմինիստրատիվ-տարածքային բաժանման» մասին օրենքի 2-րդ կետին:



Ալավերդյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Վեստի» ռուսական հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցից պարզ է դառնում, որ այս ամենը ոչ թե հանդիսանում է առանձին ԶԼՄ-ների սխալմունքը, այլ քաղաքականություն, որն ընդունվել եւ իրականացվում է հայաստանյան իշխանությունների կողմից երկար տարիների ընթացքում:



Ալավերդյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին դադարեցնել Արցախի ժողովրդի տարածքային ամբողջականության իրավունքի ոտնահարումը, խստագույնս պահպանել միջազգային չափանիշները ԼՂՀ նկատմամբ, ԼՂՀ հետ հաստատել միջպետական պայմանագրային հարաբերություններ եւ վերջապես` ճանաչել Արցախի անկախությունը` նպաստելով դրա միջազգային ճանաչմանը:



Նա բացատրեց իր պահանջների տրամաբանությունը նրանով, որ նման քայլերը կբացառեն ԼՂՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, այդ թվում նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ենթատեքստում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---