Հայաստանն ու Թուրքիան պատրաստ չեն բնականոն հարաբերությունների հաստատմանը

Հայաստանն ու Թուրքիան պատրաստ չեն բնականոն հարաբերությունների հաստատմանը

PanARMENIAN.Net - Ես գտնում եմ, որ հայ-թուրքական գործընթացն անբարենպաստ է Հայաստանի համար, սակայն ավելի անբարենպաստ կլինի դուրս գալ այս գործընթացից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա, եթե միջազգային հանրությունը ուժգնացնի ճնշումը Հայաստանի կամ Թուրքիայի հանդեպ, ապա կողմերը միանգամից կվավերացնեն արձանագրությունները: “Նույնիսկ եթե կողմերը վավերացնեն արձանագրութունները, մթնոլորտն այս պահին վկայում է այն մասին, որ երկրները պատրաստ չեն հարաբերությունների հաստատմանը եւ չեն ցանկանում սահմանը բացել, էլ չենք ասում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին”,-ասել է Իգիթյանը: Ընդ որում նա նշել է, որ մինչ արձանագրությունների ստորագրումը կողմերը ավելի լավ հարաբերությունների մեջ էին, քան այժմ: “Այս պահի դրությամբ հարաբերություններն երկրների միջեւ ագրեսիվ-թշնամական են”,-ասել է Հ.Իգիթյանը:

Անդրադառնալով Սարգսյան-Օբամա առաջիկա հանդիպմանը` Իգիթյանն ասել է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը ճնշում կգործադրի Հայաստանի հանդեպ` արագացնելու համար ղարաբաղյան հակամարտության լուծումը, որպեսզի Թուրքիան ինչ-որ քայլեր ձեռնարկի հայ-թուրքական գործընթացում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն` Իգիթյանն ասել է, որ հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքերում է: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն գիտի, թե ինչպես է լուծվելու հակամարտությունը, եւ այն լուծվելու է ի օգուտ Ադրբեջանի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---