Գևորգ Դանիելյանն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարը քննարկեցին "Դատավարությունների դիտարկում" զեկույցը

Գևորգ Դանիելյանն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարը քննարկեցին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Յանեշ Լենարչիչը, իր գոհունակությունը հայտնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված "Դատավարությունների դիտարկում" զեկույցի կապակցությամբ իշխանությունների արձագանքի առնչությամբ, միաժամանակ հայտնեց պատրաստակամություն` ապահովելու համապատասխան փորձագետների համատեղ աշխատանք: Մասնավորապես, կողմերը համաձայնվեցին, որ նպատակահարմար է աշխատանքները կազմակերպել 2 փուլով. առաջին փուլը կվերաբերի միայն զեկույցում ներառված որոշ հարցերի լրացուցիչ քննարկմանը, իսկ երկրորդ փուլը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի առնչությամբ տարաձայնությունների մասնագիտական փորձաքննությանը:

Գ.Դանիելյանի առաջարկով, Յանեշ Լենարչիչը տվեց նաև որոշ պարզաբանումներ զեկույցի առանձին դրույթների առնչությամբ: Մասնավորապես, հստակ պարզաբանվեց "նոր անկախ քննչական մարմին" ստեղծելու վերաբերյալ դրույթը: Ըստ Յանեշ Լենարչիչի, զեկույցում ոչ թե ընդգծված է ինստիտուցիոնալ առումով նոր քննչական մարմին ստեղծելու, այլ այնպիսի ընթացակարգեր սահմանելու խնդիրը, որի դեպքում քննիչների կամ մինչդատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների և կասկածյալների, մեղադրյալների նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում անհապաղ և անվերապահորեն դառնա քննարկման առարկա հենց այդ քննչական մարմնում: Իսկ այդ անձանց ցուցմունքները, որպես ապացույց չեն ընդունվի, եթե վերջիններիս կողմից այդ բնույթի հաղորդումները նշված կարգով չքննարկվեն:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և նպաստել մի շարք այլ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին: Մասնավորապես, այս փուլում առանցքային նշանակություն ունեցող համարվեցին "Հասարակական կազմակերպությունների մասին" օրենքը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---