Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար քաղաքացիական լրագրության սեմինար է կազմակերպվում

PanARMENIAN.Net - Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) 2010 թ.-ի հուլիսի 23-25-ը կազմակերպելու է «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» սեմինար:

Սեմինարը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մինչև 30 տարեկան ներկայացուցիչների համար է:

Սեմինարի ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կծանոթանան համացանցում (ինտերնետում) տեղեկություն տարածելու գործիքներին, լրագրության հիմնարար սկզբունքներին և էթիկայի նորմերին: Սեմինարը համադրված է լինելու տեսական և գործնական պարապմունքներով: Ընտրված մասնակիցները պարտավորվում են սեմինարի ավարտին ներկայացնել իրենց համայնքի խնդիրների մասին պատմող աշխատանք, որը կարելի կլինի տեղադրել համացանցում, բլոգներում, սոցիալական ցանցերում:

Սեմինարի արդյունքում մասնակիցները կտիրապետեն այնպիսի հմտությունների, որոնց միջոցով նրանք կարող են իրենց համայնքի խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել:

Առաջին օրը մասնակիցները ծանոթանալու են համացանցային մի քանի գործիքների ու ծրագրերի, ձեռք են բերելու համացանցում մատչելի ոճով գրելու, առանց մեծ ռեսուրսների սեփական պատմությունները տեղադրելու հմտություններ, կատարելու են գործնական առաջադրանքներ:

Երկրորդ օրը նվիրված է լինելու բլոգ գրանցելուն, բլոգ վարելու կանոններին և սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը արդյունավետ տարածելուն:

Սեմինարի արդյունքում մասնակիցները կկարողանան բլոգ բացել, կսովորեն այն արդյունավետ աշխատեցնել, ընթացքում կկիրառեն իրենց ստացած հմտությունները` ֆոտո կամ վիդեո պատմություններ պատրաստելով: Սեմինարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա իր անհատական բլոգը, որն այնուհետև կարող է իբրև գործիք կիրառվել իր համայնքը կամ կազմակերպությունը, դրանց խնդիրներն ու նորությունները սոցիալական ցանցերում ու ինտերնետում ներկայացնելու համար:

Սեմինարն անցկացնելու են մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ աշխատակից Գեղամ Վարդանյանը և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» փորձագետ Արթուր Պապյանը:

Սեմինարը կազմակերպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Այս մասին հաղորդում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի լրատվական ծառայությունը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը խաղաղություն ու ժողովրդավարություն է կառուցում ազատ և անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականացնում ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ ու նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղարությունը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը և DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաև Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները և Շվեդիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---