Հայ զինծառայողները իրավունք կունենան բողոքարկելու հրամանատարների հրամանները

Հայ զինծառայողները իրավունք կունենան բողոքարկելու հրամանատարների հրամանները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ էին տեղի ունենում, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության օրինագիծը «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին»: Խորհրդարանական լսումները կազմակերպել էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը նշել է, որ օրենսդրական այդ նախաձեռնությունը բխում է Հայաստանի Սահմանադրության պահանջներից:

«Բացի այդ, տվյալ բնագավառը մինչ օրս կարգավորվում էր ոչ թե օրենքով, այլ 1996 թ. ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ: Այսօրվանից զինծառայողների միջև կարգապահական հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով: Օրինագծով նշվում են և’ շարքային զինծառայողների, և’ բարձր հրամանատարական կազմի իրավունքներն ու պարտականությունները», - նշել է Կարապետյանը: Նա ավելացրել է նաև, որ նոր օրինագծով զինծառայողներն իրավունք ունեն չկատարելու հրամանատարների այն հրամանները, որոնք կամ հակասում են օրենսդրությանը, կամ դուրս են հրաման տվող անձի իրավասություններից:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն իր հերթին ասել է, որ կարգապահական այս օրինագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական վերանայմամբ և ՀՀ զինված ուժերի բարեփոխումներով: Նա նշել է նաև, որ նոր օրինագծով կարգավորվելու են այնպիսի հարցեր, որոնք կապված են զինվորների կարգապահության, հրամանների բողոքարկման մեխանիզմների, պատիժների և պարգևատրումների հետ: Նազարյանի խոսքերի համաձայն, կարգապահական պատիժը փոխարինվում է կարգապահական գումարտակում ծառայությամբ, որն ավելի խիստ ծառայություն է և տևում է 10 օր: «Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է զինվորի իրավունքների պաշտպանության մեխանիզմներ», - ընդգծել է երկրի պաշտպանության նախարարության փոխնախարարը:

Այդ օրինագծին անդրադառնալով, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն նպաստելու է, որ բանակում ամրապնդվեն կարգապահական հարաբերությունները: «Իհարկե, դա չի լուծի բանակում գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրները: Բանակը մեր հասարակության մի մասնիկն է և հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրներն իրենց արտացոլումն են գտնում նաև զինված ուժերում», - ասել է Նիկոյանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը նշել է, որ այդ օրենքով հրամանների բողոքարկման և հրամանատարներին պատժելու մեխանիզմը չի աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն չունի բողոքարկման արդյունավետ մեխանիզմ:

 Ուշագրավ
---