ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը 75 տարեկան է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը 75 տարեկան է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին լրացավ թատրոնի և կինոյի դերասան, Գիննեսի ռեկորդների գրքում գրանցված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի 75 տարին: Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում, դպրոցն ավարտելուց հետո` 1953 թվականին մեկնել է Մոսկվա` ԳԻՏԻՍ ընդունվելու: Անհաջող ընդունելությունից հետո Արմենը վերադարձել է Երևան, որտեղ մեկ տարի աշխատել է որպես «Հայֆիլմ»-ի լուսարար` միաժամանակ պատրաստվելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ընդունելությանը: 1954 թվականին նա ընդունվել է այդ ինստիտուտ` ռեժիսոր Վարդան Աճեմյանի` Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի ղեկավարի կուրս:

Ջիգարխանյանի դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում` Հակոբի դերում, սակայն նա ճանաչված դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» դեբյուտային ֆիլմի շնորհիվ, որտեղ Ջիգարխանյանը երիտասարդ տաղանդավոր գիտնականի դեր խաղաց: Մեկ տարի անց կինոնկարը Կաննի փառատոն ուղարկեցին` ներկայացնելու խորհրդային կինոն: Իսկ 1967 թվականին Անատոլի Էֆրոսի հրավերով Արմեն Ջիգարխանյանը ժամանեց Լենինյան Կոմսոմոլի անվ. Մոսկովյան Թատրոն: Այնուհետև նա համաձայնեց Վլ.Մայակովսկու անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա.Ա.Գոնչարովի առաջարկին և 1969 թվականին միացավ թատրոնի դերասանական կազմին և այնտեղ աշխատեց մինչև 1996 թվականը:

60-ական թվականների վերջից Արմեն Ջիգարխանյանը սկսեց շատ նկարահանվել կինոյում, և նրա գրեթե յուրաքանչյուր աշխատանք իրադարձություն էր դառնում: «Անորսալիների նոր արկածները» և «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները» հայտնի կինոնկարներում նա խաղաց սպիտակ գվարդիական կապիտան Օվեչկինի դերը: «Արտակարգ կոմիսար» պատմա-հեղափոխական ֆիլմում նա ստանձնեց կոմիսար Պյոտր Կոբոզևի, «Երբ գալիս է սեպտեմբերը» լիրիկական պատմությունում` անբուժելի հիվանդ թոշակառու Լևոն Պողոսյանի դերերը: Ջիգարխանյանը ռուսական դերասաններից առաջինն էր, ով Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցվեց խաղացած դերերի քանակով. նրա հաշվին ավելի քան երեք հարյուր կինեմատոգրաֆիկական աշխատանք կա: Հարուստ դերասանական պաշարի համար Վալենտին Գաֆտն իր գործընկերոջը հայտնի դարձած էպիգրամ է նվիրել. «Երկրի վրա շատ ավելի քիչ են հայերը, քան Ջիգարխանյանի մասնակցությամբ ֆիլմերը»:

Արամ Խաչատրյանը, մեկնաբանելով իր ընկերոջ ժողովրդականությունը, ասել է. «Հարդուկը միացնում ես, այնտեղ էլ է Ջիգարխանյանը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---