Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում

Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջեւ տեղի ունեցող ակտիվ փոխայցելությունների, հայ-իրանական փոխշահավետ համագործակցության կայուն զարգացման կապակցությամբ եւ նշեց, որ էներգետիկ համագործակցությունը թափ է հավաքում` նորանոր ծրագրեր են մշակվում եւ կյանքի կոչվում:

Մաջիդ Նամջուն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը, եւ վերջին շրջանի ակտիվ փոխայցելությունները դրա մասին են վկայում: Նա ներկայացրեց էներգետիկ բնագավառում երկկողմ փոխգործակցության ընդլայնման նպատակով իրանական կողմից ձեռնարկվող քայլերը:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց երեկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը եւ այսօր Երեւանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու նպատակով ժամանել են երկու տասնյակից ավելի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
---