Թուրքիան Իսրայելին ընդգրկել է հիմնական սպառնալիքների ցուցակում

Թուրքիան Իսրայելին ընդգրկել է հիմնական սպառնալիքների ցուցակում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը` այսպես կոչված «Կարմիր գիրքը», որը գործելու է մոտակա հինգ տարիների ընթացքում: Այդ փաստաթղթում Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում երկար ժամանակ անց առաջին անգամ Թուրքիայի կողմից բացեիբաց գնահատվում են որպես սպառնալիք: Անվտանգության խորհրդում գտնում են, որ Իսրայելի գործողությունները կարող են մերձավորարևելյան երկրների միջև սպառազինության մրցավազք հրահրել: Ընդ որում, թուրքական իշխանություններն ընդգծում են, որ Մերձավոր Արևելքում չպետք է միջուկային զենք հայտնվի, գրում է The Jerusalem Post-ը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից ջնջել է Սիրիան, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանն ու Իրանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվում այն մասին, որ ցուցակից կարող է բացառվել նաև Ռուսաստանը, որը ցուցակում ընդգրկվել է դեռևս խորհրդային տարիներին: Սակայն այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվում:

«Գաարեց» թերթը նշում է, որ վերջին անգամ Թուրքիան Իսրայելին բացեիբաց որպես արտաքին անվտանգության սպառնալիք է դիտարկել 1949 թվականին: 2010 թվականի գարնանը «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից, իսկ Իսրայելը Թուրքիայից էվակուացրեց իր դիվանագետների ընտանիքների անդամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---