23 փետրվարի 2011 - 14:56 AMT
Երևանում կայացավ Baku.am՝ Բաքվի հայ համայնքի մասին պատմող կայքի շնորհանդեսը

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Baku.am կայքը, որը նվիրված է Բաքվի հայ համայնքի պատմությանը: Ինչպես հայտարարել է մամլո ասուլիսում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող իր բնույթով եզակի եռալեզու կայքէջը: Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:

Առանձին բաժնով ներկայացված է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ:

«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ Ադրբեջանի երիտասարդությանը, որտեղ հակահայկական քարոզչամեքենան կառավարական մակարդակում արգելում է Ադրբեջանի պատմության մեջ հայերի դերի մասին ինչ-որ հիշատակություն, այլընտրանքային տեղեկատվություն ստանալ Բաքվի պատմության մասին: Կայքն ուղղված չէ ազգամիջյան ատելության հրահրմանը, այլ գրված է ակադեմիական լեզվով»,- ասել է Դեմոյանը և հավելել, որ իրենք խուսափել են հայկական տեղեկություններ օգտագործելուց, տեղեկատվությունը հիմնված է արտասահմանյան աղբյուրների վրա:

Հայերն էական դեր են խաղացել ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում` հիմնելով առաջին թատրոնը, գրադարանները, այլ նաև նավթային արդյունաբերության, ֆինանսական և բանկային ոլորտների զարգացման մեջ:

Baku.am կայքում ներկայացված են փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք վերաբերվում են մինչև 1920թ. ընկած ժամանակահատվածին: Կայքը համալրվելու է նոր տեղեկատվությամբ, մասնավորապես, խորհրդային շրջանում հայ համայնքի պատմության մասին: