Երևանի 37 հուշարձանների վրա կտեղադրվեն QR կոդերով ցուցանակներ

Երևանի 37 հուշարձանների վրա կտեղադրվեն QR կոդերով ցուցանակներ

PanARMENIAN.Net - Երևանի 7 արձանների վրա տեղադրվել են ցուցանակներ QR կոդերով։ QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։Երևան Քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արա Յաղջյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբերի 20-ը նման ցուցանակներ տեղադրվելու են ևս 37 հուշարձանների և 20 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա։

Ըստ Արա Յաղջյանի, ՀՀ անկախության 20 ամյակի օրերին Հայաստան են ժամանելու մի շարք հյուրեր, ինչը հիանալի է, քանի որ ծրագիրը նախատեսված է հենց զբոսաշրջիկների համար։ Այս պահին QR կոդով ցուցանակներ տեղադրված են Կոմիտասի, Այվազովսկու, Սարյանի, Շահումյանի, Մյասնիկյանի, Առնո Բաբաջանյանի և Սասունցի Դավթի արձանների վրա։

«Այս ծրագրի շնորհիվ զբոսաշրջիկները հեշտությամբ կստանան ինֆորմացիա պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների մասին։ Յուրաքանչյուր QR կոդ տեղափոխում է monuments.yerevan.am կայքի համապատասխան հուշարձանի էջ, որտեղ կան եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) տեղեկություններ յուրաքանչյուր հուշարձանի մասին՝ սկած ճարտարապետից, պատրաստված նյութից, հուշարձանի պատմությունից մինչև լուսանկարներ»,- նշեց Արա Յաղջյանը։

Ըստ Արա Յաղջյանի, ծրագիրը քաղաքապետարանի նախաձեռնությունն է, որն իրականացնում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը և «City of the World» հիմնադրամը։ Յուրաքանչյուր QR-կոդով ցուցանակի ստեղծման համար տեխնոլոգիաների կենտրոնը ծախսում է 150 000 դրամ։

«Մենք կատարում ենք ողջ ծրագրավորումը՝ կոդի ստեղծումը, ապա նաև պատրաստում ենք ցուցանակը և տեղադրում։ Իսկ կայքի նյութերը տրամադրում է «City of the World» հիմնադրամը։ Մենք դիմել ենք մի շարք բանկերի և ընկերությունների այս ծրագրի ֆինանսավորման համար»,- ավելացրեց Արա Յաղջյանը։

QR-կոդը նախագծել է ճապոնական Denso-Wave ընկերությունը: Այն բաղկացած է տարբերանշաններից՝ ներառյալ այբուբեն, թվեր, հատուկ տարբերանշաններ: Մեկ QR-կոդը կարող է պարունակել 7089 թիվ կամ 4296 տառ: QR-կոդերը հաճախակի օգտագործում են հեռախոսներով կոնտակտային ինֆորմացիա, հղումներ և այլ տեղեկատվություն կարդալու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---