ՀԱԿ-ը շնորհավորել է Լիբիայի ժողովրդին Մուամար Քադաֆիի բռնապետության տապալման կապակցությամբ

ՀԱԿ-ը շնորհավորել է Լիբիայի ժողովրդին Մուամար Քադաֆիի բռնապետության տապալման կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը շնորհավորել է Լիբիայի ժողովրդին Մուամար Քադաֆիի դիկտատուրային հաղթելու կապակցությամբ: Կոնգրեսի հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից եւս մեկը, այս անգամ Լիբիայում։ Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տեւական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որեւէ ունակությունից։ Թունիսից ու Եգիպտոսից հետո Լիբիան ստացավ օրինակարգ իշխանություն ունենալու, ժողովրդավարության ներդրման, իրավական պետություն դառնալու եւ ազատ հասարակություն դառնալու հնարավորություն՝ ի շահ իր յուրաքանչյուր քաղաքացու։ Անքակտելի այդ իրավունքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները՝ անկախ դրա իրականացման ձեւից»։ Հայ Ազգային կոնգրեսը ողջունում է լիբիական ժողովրդի՝ իր համար դարակազմիկ այս հաղթանակը եւ պահանջում է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձևավորված նոր իշխանությանը, ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը, մի քանի օր անց գործողության հրամանատարությունն ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի ձեռքը: Գործողության մանդատը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն գործողությունը երկարացրեց 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

Ճգնաժամի սկզբից սկսած Լիբիայում ավելի քան 1 միլիոն մարդ է հատել Թունիսի և Եգիպտոսի հետ սահմանը, հունիսին հաղորդել է ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերրիշը:

ՄԱԿ-ի ԱԽ 1973 բանաձևն ընդունվել է 2011թ. մարտի 17-ին: Բանաձևով Լիբիայի օդային տարածքը հայտարարվել էր թռիչքներից զերծ գոտի: Բացի այդ, Արևմուտքի երկրները իրավունք ստացան ուժ կիրառել Լիբիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար:

Քադաֆիի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Նրա համար 1,7 մլն դոլար պարգև է հայտարարվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---