Ալավերդյան. Նախկին նախագահների՝ անկախության միջոցառումներին չմասնակցելը «տղայական վատ բնավորության դրսևորում էր»

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ նախագահների՝ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա չլինելը, ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, «տղայական վատ բնավորության դրսևորում էր»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ անկախությունն ինքնին եղել ու մնում է բացարձակ, բարձրագույն արժեք։

«Ես խոնարհվում եմ ժողովրդի առջև, բոլոր այն մարդկանց, ովքեր կարողացել են անկախության ճանապարհի հիմնական ծանրությունը վերցնել իրենց վրա, սակայն այսօր արդյունքներից չեն օգտվում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, խոսելով անկախության մասին, մատնանշեց 2 կարևորագույն ձեռքբերումները՝ Ղարաբաղի անկախությունն ու ժողովրդավարության հաստատումը. «Մեզ համար այլևս փակ թեմա ու փակ հարցեր չկան։ Ժողովրդավարությունը միակ ուղին է, և հետդարձի ճանապարհ չունենք»։

Ալավերդյանը չհամաձայնեց, թե Հայաստանում ժողովրդավարությունը կայացել է՝ նշելով. «20 տարի առաջ մենք չէինք սպասում, որ 20 տարի անց իմիտացիոն գործընթացները կհամարենք ժողովրդավարություն։ Այն պետք է լինի ամեն օր ու ամենուր։ Հայ ժողովուրդը արժանի է, որ նրա ձայնը ոչ միայն լսելի, այլև ազդեցիկ լինի։ Մենք ունենք նպատակ և շարունակական գործընթաց, որում ձախողվում ենք»։

Նա հավելեց՝ ժամանակն է կողմնորոշվելու՝ երկիրը հին է, թե նոր. «Մենք ունենք պատմություն, և եթե ամեն անգամ սկսենք զրոից, կնմանվենք ամեն անգամ առաջին դասարան գնացողին»։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---