17 հոկտեմբերի 2011 - 13:35 AMT
Վարդան Խաչատրյան. Թեժ քաղաքական աշնան հույսերը չարդարացան

Որոշ ուժերի թեժ քաղաքական աշուն տեսնելու հույսերը որոշ չափով չարդարացան: Այդ մասին Երևանում հայտարարել է անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ընդ որում, ըստ նրա, աշունը Հայաստանում կլինի գերլարված, սակայն դա լատենտային բնույթ կկրի:

Իր հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հավելել է, որ քաղաքական կյանքը Հայաստանում իր հունով է ընթանում և նույնիսկ ՀԱԿ-ը համաձայն է երկրում հերթական ընտրությունների անցկացմանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում ՀԱԿ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան ստացավ: Որոշվեց, որ հանրահավաքները կտևեն 7 օր: Հրապարակում վրաններ խփվեցին: Հոկտեմբերի 8-ին ՀԱԿ-ն ավարտեց իր բողոքի ակցիան և ընդունեց 18 կետից բաղկացած ամփոփիչ բանաձև: Բանաձևում ասվում է, որ կոնգրեսի հիմնական կարգախոսն է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: