// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վիքիփեդիայում կավելացվեն հայկական սովետական հանրագիտարանի թվայնացված նյութերից

Վիքիփեդիայում կավելացվեն հայկական սովետական հանրագիտարանի թվայնացված նյութերից

PanARMENIAN.Net - «Հայկական հանրագիտական հրատարակչություն» ոչ առևտրային կազմակերպությունը «Տեղեկատվական Տեխնոլոգիաների դպրոց» հիմնադրամի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի` հրատարակչությունը համաձայն է, որ իր հրատարակությունների նյութերը` ներառյալ նկարները, գտնվեն բաց շրջանառության մեջ՝ «Քրիեյթիվ Քոմմոնս Նշում, Համանման տարածում 3.0» (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:

Սա նշանակում է, որ այս նյութերը ազատ լիցենզիայի տակ են, այսինքն յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել այդ նյութերը` հեղինակներին նշելու պայմանով։ Հետագա ձևափոխությունները և տարբերակները նույն ազատ սկզբունքով են տարածվում։

Բացի դրանից սույն պայմանագրով հաստատվել է, որ թվայնացված հրատարակությունների բնօրինակները տեղադրվեն հայերեն Վիքիդարանում` հիմք հանդիսանալով հայերեն լեզվով Վիքիփեդիա (Wikipedia) ինտերնետային ազատ հանրագիտարանում հոդվածների ավելացման համար։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել է հայերեն Վիքիփեդիայի մասնակից և ադմինիստրատոր Ալեքսեյ Չալաբյանը։

«Թվայնացված բնօրինակների` Վիքիդարանում տեղադրվելուց հետո սկսվելու են սրբագրման աշխատանքները։ Մինչ Վիքիփեդիայում հայտնվելը հոդվածները պետք է վերախմբագրվեն, համապատասխանեն Վիքիփեդիայի պահանջներին, ներկայացնեն մարդկության ժամանակակից ընկալումն ու արտացոլեն Հայկական Սովետական Հանրագիտարանի ստեղծումից անցած ժամանակահատվածում մարդկության գիտելիքներում տեղի ունեցած փոփոխությունները»,- նշել է նա։

Նրա խոսքով` սրբագրման աշխատանքները կատարվելու են կամավորական հիմունքներով։ «ՏՏ դպրոց» հիմնադրամը խոսք է տվել, որ կամավորներ կներգրավի այս գործի համար, մենք էլ մեր հերթին համացանցում կտարածենք, որպեսզի սրբագրման աշխատանքներին ավելի շատ մարդ օգնի»,- ավելացրել է Ալեքսեյ Չալաբյանը։

Հրատարակումների թվայնացումը կատարվելու է ABBY ընկերության ստեղծած ՖայնՐիդեր ծրագրի միջոցով։ Վիքի նախագծերի համայնքը դիմել է ABBY ընկերությանը ծրագրի մի քանի օրինակ իրենց տրամադրելու խնդրանքով։ Թվայնացվելու են հետևյալ հրատարակությունները` «Հայկական սովետական հանրագիտարանը», «Հայկական համառոտ հանրագիտարանը» և «Հայկական Հարցը»։

Ավելի թարմ աշխատությունները կան թվային տարբերակով և թվայնացման խնդիր չունեն։ Վերջինները կհայտնվեն «Հայկական հանրագիտարան» հրատարակչության՝ encyclopedia.am կայքում։ Այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում «ՏՏ դպրոց» հիմնադրամը։

Ալեքսեյ Չալաբյանը պատմել է, որ դեռևս տարվա սկզբից improve.am ոչ առևտրային նախագծի նախաձեռնողներն ունեին այս ծրագիրն իրականացնելու գաղափարը և դիմել էին Հայկական հանրագիտական հրատարակչությանը:

Հայերեն Վիքիփեդիայում կա 16 000-ից ավելի հոդված, իսկ Վիքիդարանում` շուրջ 2300 բնօրինակներ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին