Քաղաքագետ. Ադրբեջանը պետք է պատասխան տա յուրաքանչյուր հայ զինովորի մահվան համար

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատժի Ադրբեջանին յուրաքանչյուր հայ զինվորի մահվան համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, համարժեք պատասխանները Բաքվի սադրանքներին միշտ արդյունավետ են լինում և ստիպում են ադրբեջանական կողմին սսկվել: Նա հիշեցրել է, որ երբ ընթացիկ տարվա գարնանը Արցախում բարձրաստիճան սպա սպանվեց, ՊԲ հրամանատարը հայտարարեց, որ ի պատասխան դրան կարճ ժամկետում ոչնչացվել է մոտ 40 ադրբեջանցի զինծառայող, որի արդյունքում ադրբեջանական կողմը տևական ժամանակ սադրիչ գործողությունների չէր գնում:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Ադրբեջանը պատերազմը վերսկսելու շանտաժի միջոցով փորձում է զիջումների հասնել միջազգային հանրությունից:

Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համամիտ էր այն հարցում, որ ադրբեջանական կողմը պետք է համարժեք պատասխան ստանա յուրաքանչյուր սադրանքի համար: Նա նշել է, որ նոյեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած միջադեպերը կարելի է կապել նաև Հայաստանում ընթացող աշնանային զորակոչի հետ: Ըստ նրա, Բաքուն փորձում է լարվածության մթնոլորտ ստեղծել հայ հանրության շրջանում, որպեսզի մարդիկ սկսեն խուսափել ծառայությունից:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---