Հայաստանի ոստիկանությունը մտադիր է ակտիվացնել պայքարը կիբերհանցավորության դեմ

Հայաստանի ոստիկանությունը մտադիր է ակտիվացնել պայքարը կիբերհանցավորության դեմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանն ու Ջոն Հեֆերնը շնորհավորեցին միմյանց` պաշտոնավարման սկզբի առթիվ, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Ոստիկանության պետը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումները` միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրանց հաջողությունը պայմանավորված է ոստիկանի° վերափոխմամբ. նախ մա°րդը պիտի բարեփոխվի:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ամերիկյան ոստիկանության համակարգը լուրջ մոդել է, անհրաժեշտ տեղայնացման դեպքում՝ շատ բաներով նաև մեզ համար կիրառելի, իսկ ինչ վերաբերում է ամերիկյան կողմի տեխնիկական աջակցությանը, ապա դա պարտավորեցնում է աշխատանքի ձևերն ու մեթոդները համապատասխանեցնել տեխնիկական հագեցման գործընթացին:

Հանդիպումից հետո դեսպանը ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային և համակարգչային նոր սարքավորումներ հանձնեց ՀՀ ոստիկանությանը: Սարքավորումներն օգտագործվելու են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության և թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից: ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տրամադրված սարքավորումները ներառում են գրասենյակային և դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ և այլն:

Սարքավորումների տրամադրմամբ ակնկալվում է հզորացնել հանցավորության դեմ պայքարող երկու բաժինների օպերատիվ և վարչական կարողություններն ու արդիականացնել ՀՀ ոստիկանության տեխնիկական հնարավորությունները: ԱՄՆ կառավարության աջակցությունն՝ ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն դոլար:

Նվիրաբերությունը կատարվում է ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը հանցավորության դեմ պայքարում ու դատաիրավական գործընթացների ապահովման բնագավառում: Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես և ՀՀ ոստիկանության ակադեմիային և ուսումնական կենտրոնին:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---