Երևանյան հաքաթոնի մասնակիցները նախագծում են խոսող վճարային ռոբոտ- տերմինալ

Երևանյան հաքաթոնի մասնակիցները նախագծում են խոսող վճարային ռոբոտ- տերմինալ

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկած երևանյան Հաքաթոնին մասնակցում է 41 թիմ՝ 41 գաղափարով։ Ւնչպես նախկինում նշել էին կազմակերպիչները, գերակշռում են տրանսպորտային և տուրիզմի ոլորտին առնչվող գաղափարները։

Հաքաթոնի նպատակն է միավորել նորարար գաղափարներ ունեցողներին, ծրագրավորողներին, նախագծողներին և այլ ոլորտի մասնագետներին՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու համար։ Հաքաթոնը Սիլիկոնե հովտում ծնունդ առած միջոցառում է։

Թիմերից «Team X»-ի գաղափարն է ստեղծել բջջային iOS, Android և Windows Phone ծրագիր, որն իրենից ներկայացնում է Երևանի տրանսպորտային ուղեցույցը։ «Եթե դուք պետք է գնաք որևէ տեղ, գրում եք հասցեն ծրագրում և տեսնում թե ինչ երթուղիներ են այդ հասցեով անցնում։ Ծրագիրը կնշի թե՛ ուղիղ և թե՛ տրանսպորտը փոխելու տարբերակները»,-պատմեց PanARMENIAN.Net ի թղթակցին մասնակից Բագրատ Բաղրամյանը։

Հաքաթոնյան մեկ այլ թիմ՝ «Atlantis»-ը նախագծում էր վճարային 137 լեզվով խոսող տերմինալ-ռոբոտի։ Ռոբոտն ընդունում է մարդկանց ձայնային հրամանները և հիշում մարդկանց անունները։ Նրա միջոցով հնարավոր է կատարել կոմունալ վճարումներ, այն ծառայում է նաև որպես ինֆորմացիոն կենտրոն։ «Ռոբոտին կարող եք հրամաններով կառավարել։ Սա հարմար է հատկապես կույր մարդկանց համար։ Մեկ անգամ ռոբոտին ներկայանալու դեպքում՝ նա Kinect սարքի միջոցով կհիշի ձեզ և երկրորդ անգամ նրան մոտենալիս՝ ձեզ անունով կդիմի»,-նշեց գաղափարի հեղինակ Սերգեյ Բրուտյանը։

Հաքաթոնյան թիմերից մեկն էլ մշակում էր կայք, որի միջոցով քաղաքապետարանը պետք է վերահսկի, թե որ հանրային վայրում են ամենից շատ ծխում՝ խախտելով շենքում չծխելու օրենքը։ «Մեր կայքը հիմնական երեք մասից է լինելու՝ ծխողների, չծխողների և թողնել ցանկացողների էջերով։ Կայքը պարունակելու է ծխելու մասին օրենքները, թե որ շենքերում՝ կրթական, առողջապահական, պետական և այլ չի թույլատրվում և որտեղ է թույլատրվում ծխել։ Եթե մեկը նկատում է, որ օրենքը խախտվել է, մեր կայքում գրում է դրա մասին։ Այս կերպ քաղաքապետարանը կկարողանա իմանալ, որտեղ են ամենից շատ խախտում այս օրենքը»,-պատմեց գաղափարի հեղինակ Արամ Թովմասյանը։

Միջոցառման նախաձեռնողներն են Հանրային լրագրության ակումբը, Մայրքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։ «Հաքաթոն [YAN] Երևան 2011»-ին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը, Ինկուբատոր ձեռնարկությունների հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և մի շարք այլ ընկերություններ։ Ինֆորմացիոն հովանավորն է PanARMENIAN.Net ը։

Հաղթողներին տրվելու են դրամական մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ լավագույն նախագիծ (մրցանակը Երևանի քաղաքապետարանի կողմից), Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված լավագույն նախագիծ, Լավագույն մոբայլ լուծում, (մրցանակը ՁԻՀ-ի կողմից), լավագույն սոցիալական նախագիծ և լրատվամիջոցներ և հասարակություն անվանակարգ։ Նախատեսված են նաև որոշ խրախուսական մրցանակներ։

Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---