ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին պաշտպանական ոլորտում

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին պաշտպանական ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, տեղեկացնում են նախարարության պաշտպանական քաղաքականության վարչությունից։Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարությանը` հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Պարոն Ռուբինը ողջունել է ՀՀ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և տեղեկացրել, որ ԱՄՆ կողմը շարունակելու է այս ուղղությամբ իր աջակցությունը տրամադրել Հայաստանին:

Նա նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը միջազգային անվտանգության ապահովման գործում, մասնավորապես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի կողմից իրականացվող առաքելությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

 Ուշագրավ
---