ԱՄՆ-ն չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

ԱՄՆ-ն չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: «Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով կառավարության գործողությունները Հայաստանի տնտեսության արդյունավետ կառավարման գործում՝ Էրիկ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առաջիկայում ևս օժանդակել մեր երկրի զարգացմանն ուղղված քայլերին:

Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորոցիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ստեղծման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաև ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---