17  01.03.12 - ՀԱԿ հանրահավաք Ազատության հրապարակում

Հայկական ընդդիմության հանրահավաքների սեզոնը բացված է` մարտի 1, թաթար-մոնղոլներ և խորտակված նավեր

Հայկական ընդդիմության հանրահավաքների սեզոնը բացված է` մարտի 1, թաթար-մոնղոլներ և խորտակված նավեր

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին` երեկոյան 18:00-ին, Երևանի Ազատության հրապարակում 4-ամսյա ընդմիջումից հետո մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որին, Ոստիկանության տվյալների համաձայն, հավաքվել էր չորս հազար մարդ: Հանրահավաքն ընթանում էր Հայաստանի նորագույն պատմության համար ողբերգական հիշատակի օրը:

2008թ. փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաք` այդ կերպ արտահայտելով նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունը: Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10:

Ծափահարություններ «2008թ. մարտի 1-ին ընկած հերոսների» հիշատակին

Հանրահավաքը բացել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում ասել է, որ պետք չէ լռության րոպեով հարգել 2008թ. մարտյան դեպքերի զոհերի հիշատակը, այլ հարկ է դա անել ծափերով: Այդ խոսքերից և ծափահարություններից հետո ելույթ է ունեցել 2008թ. մարտի 1-ի զոհերից մեկի` Գոռ Կլոյանի հայրը, ով ներկայիս իշխանություններին մեղադրել է նրանում, որ նրանք զավթել են իշխանությունը` իրենց երեխաների արյունը թափելով: Նա նաև մեղադրել է եվրոպական կառույցներին, որ անօրինականության վրա աչք են փակել: Կլոյանի հայրը այս սպանությունները համեմատել է Դինքի սպանության հետ, քանի որ դա ևս չբացահայտված է մնացել:

Բոլորին պետք է դատի տալ. բոլորը հավասար են օրենքի առաջ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դատի տալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանին, Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին, Ազգային անվտանգության ղեկավար Գոռիկ Հակոբյանին, ՀՀ գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանին, ՊՆ ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին և որոշ այլ պաշտոնյաների: Բոլորն են հավասար օրենքի առաջ, ոչ ոք առավելություն չունի»,- հայտարարել է նա:

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին հայտնել է, որ 4 ամսվա ընթացքում հասցրել է կարոտել հանրահավաքները. «Խոստանում եմ, որ այսուհետ հանրահավաքներն ավելի հաճախակի կլինեն»: Իր խոսքում նա անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի հարցին և նշել մեղավորների անպատժելիությունը: Նրա խոսքով` իշխանությունները կանխամտածված կերպով են աջակցում արտագաղթին, աղքատության աճին և ողբերգական դեպքերին բանակում, որպեսզի իրենց ձեռքում պահեն իշխանությունը:

ՀԱԿ. Իշխանությունները վախենում են առաջիկա ընտրություններից

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է, որ իշխանություններն առաջիկա ընտրություններին նախանձելի դրության մեջ չեն մոտենում. երկրում ծայրահեղ աղքատություն է, սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Նրա խոսքով` ընտրություններում պարտության առջև վախի պատճառով իշխանություններն աննախադեպ քայլի են դիմել` ՀՀԿ համամասնական ցուցակում առաջին համարի տակ գրանցելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Ընդ որում, նա ընդգծել է, որ այժմ Հայաստանում կա կազմակերպված ընդդիմություն` ի դեմս ՀԱԿ-ի, որը համակարգում է «ժողովրդի պայքարը վարչակարգի դեմ»: Նա ժողովրդին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել իշխանությունների դեմ պայքարին` դիմելով Կոնգրեսի տարածքային կառույցներ, «զորակոչվել» պայքարին հանուն ազատ և ժողովրդավարական Հայաստանի:

«Արտակարգ իրադրության իրավական ռեժիմի մասին» նոր օրենքի մասին

«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, անդրադարձել է դրությանը երկրում` իշխանություններին մեղադրելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրադրության մեջ: Այս համատեքստում նա նկատել է, որ բնակչության 80 տոկոսը բացեիբաց խոստովանում է, որ հնարավորության դեպքում կհեռանա երկրից:

Սարգսյանից հետո ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որն անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, որն ընդունվել է այսօր Հայաստանի Ազգային ժողովում: Նա նկատել է, որ չնայած ընդդիմության բոլոր կոչերին, օրենքը, այնուամենայնիվ, ընդունվել է, և ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին:

Տեր-Պետրոսյանն անձամբ կկազմի ՀԱԿ-ի ընտրացուցակը

Հանրահավաքի վերջում ելույթ է ունեցել Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հաղորդել է, որ Կոնգրեսը որոշում է կայացրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, «իհարկե, հաշվի առնելով ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները»:

Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է հաղթահարել ժողովրդի մեջ արմատացած հոգեբանական բարդույթը, որ նախագահական ընտրությունները խորհրդարանականից կարևոր են: «Հասարակությանը համոզիչ կերպով պետք է բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: Հաղթելով խորհրդարանական ընտրություններում` ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»,- ընդգծել է նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012թ. մայիսի 6-ին:

Ռոբերտ Քոչարյանը «խորտակված նավ է»

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև Քոչարյանի մասին պտտվող լուրերին: «Քանի դեռ իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքում է` Ռոբերտ Քոչարյանն այդ մասին երազել անգամ չի կարող»,- մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը «խորտակված», իսկ Սերժ Սարգսյանը «խորտակվող նավ է»:

Նա կոչ է արել նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված ցանկացած անցուդարձի ետևում չփորձել տեսնել «Ռոբերտ Քոչարյանի ականջները»: ՀԱԿ-ի առաջնորդը, չբացառելով ԲՀԿ և Քոչարյանի կապը, նկատել է, որ դա գնալով ավելի է նմանվում «դավադրությունների տեսության»:

Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք պաշտոնավարած ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անդամագրմանը, ապա Տեր-Պետրոսյանը դա բացատրել է Օսկանյանի և ԲՀԿ փոխադարձ շահերով:

Թաթար-մոնղոլները, Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Բաղդասարյանը

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք թաթար-մոնղոլ չի անվանել: Նա նման բան չի ասել ոչ թե որովհետև կվիրավորեր Ռոբերտ Քոչարյանին, այլ որովհետև այդպիսով կարող էր վիրավորել հարգարժան թաթար և մոնղոլ ժողովուրդներին, որոնք ժամանակին կարևոր դեր են խաղացել համաշխարհային պատմության մեջ: Նրա խոսքով` ինքը միայն հայտարարել է, որ քոչարյանա-սերժական վարչախմբի ձևավորած տնտեսական համակարգը որևէ կապ չունի ո'չ սոցիալիզմի, ո'չ ֆեոդալիզմի, ո'չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ:

Նա հավելել է նաև, որ Արթուր Բաղդասարյանին «դավաճան» չի անվանել` հեգնանքով հիշեցնելով, որ վերջինիս դավաճան է անվանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի անսկզբունքայնությանը, ապա, Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ մասին դեռևս 2008 թվականին խոսել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը:

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայկական հարցի և հայկական դիվանագիտության «հաղթանակների» մասին

ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մեկնաբանել է նաև Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական է ճանաչվել: Նրա խոսքով` երբ այդ օրենքն ընդունվեց, ողջ հայ ժողովուրդը ոգեշնչվել էր, իսկ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն էին հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` հայտարարելով, որ դա հայկական դիվանագիտության հաղթանակի արդյունքն է:

«Թե ինչպիսի մասնակցություն են դրան ունեցել հայ դիվանագետները, միայն Աստծուն է հայտնի, քանի որ ֆրանսիական կառավարությունը դա արել է այլ դրդապատճառներով` որպեսզի երաշխավորի հայ համայնքի ձայներն ընտրություններում և խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը:

Նա հավելել է, որ հայկական հարցը կրկին դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նրա խոսքով` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանության մասին օրենքի ընդունումից հետո արժեր մտածել, թե ինչպես դա կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա, որոնք «կենսական նշանակություն ունեն Հայաստանի, մեր երկրի ազգային անվտանգության և տնտեսական զարգացման համար»:

Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ իշխանությունները պետք է այնպես անեին, որպեսզի այդ «դիվանագիտական հաղթանակը» չնմանվի 1878թ. Բեռլինի և 1920թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած ավելի փայլուն հաղթանակներին, որոնց հետևանքով նախ բնաջնջվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և ապա կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը։

Հաջորդ հանրահավաքը` մարտի 30-ին

Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 30-ին: Այդ մասին մարտի 1-ին ընդդիմադիր ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, նա նկատել է, որ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա հանրահավաքը կարող է տեղի ունենալ և նշանակված ամսաթվից շուտ:

Հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի հրապարակ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---