4  14.04.14 - Նախագահ Սերժ Սարգսյանն կառավարության անդամներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին Հովիկ Աբրահամյանին

Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես ՀՀ վարչապետն է. Ի՞նչ սպասելիքներ ունեն երկրի քաղաքական ուժերը

Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես ՀՀ վարչապետն է. Ի՞նչ սպասելիքներ ունեն երկրի քաղաքական ուժերը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է նորանշանակ վարչապետին:

«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ վարչապետը և նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք »,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության նախագահը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր, որում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ Հովիկ Աբրահմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

«Ժամանակ եմ խնդրում ձեզանից, և ես ձեզ բոլորիդ անպայման իմ մտահոգություններն ու պլանները կներկայացնեմ», - կառավարության շենքի դիմաց ՀՀ նախագահին ճանապարհելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե կառավարությունում ինչ կադրային փոփոխություններ են լինելու, գրում է Panorama.am-ը:

«Մենք փորձելու ենք, ինչ ներուժ ունենք, այսօրվա խնդիրներին լուծում տալ: Առաջին խնդիրը մեր քաղաքացու արժանավայել ապրելն է: Իսկ դրա համար ժամանակ է պետք ու ռեսուրսներ, որը մենք աշխատելու ենք կուտակել ու գնալ առաջ», -ասել է Աբրահամյանը:

Անդրադառնալով կառավարության կազմում ոչ իշխանական քաղաքական ուժերից ներկայացուցիչներ նշանակելուն` Աբրահամյանն ասել է, որ համագործակցելու է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նաև` հասարակական կազմակերպությունների ու փորձագիտական խմբերի հետ:

Նշանակումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա: Պատգամավորը նշել է, որ ձեռնպահ կմնա անձի վերաբերյալ մեկնաբանություն անելուց` ասելով, որ այս պահին կարևոր է, թե ինչ ծրագիր կներկայացնի նորանշանակ վարչապետը, գրում է Panorama.am-ը:

«Մեկ բան հստակ է` դա չպետք է լինի այն ծրագրի շարունակությունը, որ իրականացնում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որովհետև այն չի լուծել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները, ավելին` խորացրել է դրանք: Այնպես որ, երբ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի իր ծրագիրը և մենք կտեսնենք որքանով է այն ներառում մտահոգությունները, որ բազմիցս բարձրացրել է ԲՀԿ-ն, ու ինչպես է նոր կառավարությունը իրագործում այդ ծրագրրը, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք: Իսկ այս պահին ես ձեռնպահ կմնամ»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի համար երկակի նշանակություն ունի. լավ է, որ նա նշանակվեց, քանի որ Արմեն Մարտիրոսյանը մտավախություն ուներ, որ վարչապետը կարող էր լինել ռուսական՝ ոչ հայաստանյան դաշտից, իսկ վատ է, որովհետև շրջանը փակվեց, ու նրա նշանակումով համակարգն իրեն ամբողջացրեց: «Ու ինձ համար միանշանակ է, որ դրական փոփոխության որևէ ակնկալիք որևէ մեկը չպիտի ունենա»,- ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արմեն Մարտիրոսյանը, ում կարծիքով, եթե Տիգրան Սարգսյանի դեպքում իշխող մեծամասնությունը զբաղված էր իմիտացիայով, որ նա «բարեփոխիչ» էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում այդ փուլը պետք է ավարտված համարել, գրում է Tert.am-ը:

Իր հերթին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարել է, թե երկրում ստեղծված նոր քաղաքական իրադրության մասին կարծիք կարտահայտեն միայն ապրիլի 16-ին կայանալիք քաղխորհրդի նիստից հետո:

Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն էլ, մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը, նշել է, թե դա քաղաքական մեծամասնության որոշումն է, և իրենք ոչինչ չեն կարող ասել: Խոսելով ՀՅԴ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու մասին, Աղվան Վարդանյանը նշել է, որ այդ հարցին բազմիցս արդեն պատասխանել են. «Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, քաղաքական հայեցակարգեր, որոնց հիման վրա էլ որոշվում են մեր հետագա քայլերը և որոշումները»,- գրում է «Սիվիլնեթը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը համակարծիք է Աղվան Վարդանյանի հետ. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը հանրապետության նախագահի և քաղաքական մեծամասնության որոշումն է:«Դա նրանց Սահմանադրական իրավունքն է ,և որևէ բան ասելն ավելորդ է»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Ջհանգիրյանը հավելել է, որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է` կառավարության մաս չի կազմելու:

Ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին նշանակել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Նախագահն իր համար նախընտրելի թեկնածուին ներկայացրել է ՀՀԿ Գերագույն մարմնի մոտ 20 անդամին, այնուհետև հրավիրված նիստում որոշումը միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև ՀՀԿ քաղխորհրդի մոտ 160 անդամ։

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---