Սեպտեմբերի 16-ից Հայաստանում նոր պատվաստում է ներդրվելու` պնևմակոկի դեմ

Սեպտեմբերի 16-ից Հայաստանում նոր պատվաստում է ներդրվելու` պնևմակոկի դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնևմակոկային վարակների դեմ պատվաստումով: Առաջին պատվաստումը կատարվելու է 1,5 ամսականում, այնուհետև` 3 և 4,5 ամսականներում: Պատվաստման ծրագրում կընդգրկվեն արդեն հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները:

Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ` երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը:

Պնևմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում:

Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային և պնևմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի) հիվանդացության բարձրացումների միջև։ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ամբողջ աշխարհում, պնևմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնևմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչև 5 տարեկան 100.000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` առկա մոտ 200.000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պնևմակոկային վարակների դեմ ամենարդյունավետ և տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում աշխարհի փորձը:

Ամերիկյան մայրցամաքի և եվրոպական երկրներում մինչև կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ (մանրէային) հիվանդությունների պատճառը պնևմակոկերն էին:

Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալվում է, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը` դրանով իսկ վերահսկելով մանկական մահացությունը և նպաստելով վերջինիս կայուն նվազեցմանը։

Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալով` երեխաների մոտ հիվանդությունների մեծամասնությունը առաջացնում է հենց պնևվմակոկը, որը մանկական մահացելիության գլխավոր պատճառներից մեկն է: Ընդ որում, սա բնորոշ է ոչ միայն զարգացող, այլև` զարգացած երկրներին: Այդ իսկ պատճառով այս պրոֆիլակտիկ պատվաստումը ներառված է ավելի քան 70 երկրի պատվաստումների ազգային ծրագրում: Ռուսաստանում, օրինակ, պնևմակոկի դեմ պատվաստումը Ազգային ծրագրում ընդգրկվել է 2014-ի հունվարի 1-ից:

Աշխարհում ամեն տարի պնևմակոկից 1 200 000 մարդ է մահանում: Պնևմակոկային ինֆեկցիան կարող է հարվածել ցանկացած տարիքային խմբի: Մանկապարտեզ հաճախող երեխաների 60%-ը պնևմակոկի կրող են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---