44  28.06.15 - Հունիսի 28. Բողոքի ցույց ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման
7  28.06.15 - Հունիսի 28. Բողոքի ցույցին հաջորդող լուսաբացը Բաղրամյան պողոտայում

Բաղրամյանում ոստիկանները ցույցը չեն ցրել. Աղբամանները վնասելու փաստով հարուցվել է քրգործ

Բաղրամյանում ոստիկանները ցույցը չեն ցրել. Աղբամանները վնասելու փաստով հարուցվել է քրգործ

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում հունիսի 29-ի գիշերը լարված է եղել, սակայն ոստիկանությունը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, առավոտը հավաքված ցուցարարները խաղաղ են լուսացրել: Նրանցից ոմանք վաղ առավոտյան սկսել են ավլել-մաքրել փողոցը, հավաքել կուտակված աղբը, իսկ մի քանի երիտասարդներ էլ խումբ կազմած քննարկել են հետագա անելիքները:

Ոստիկանությունը Ազատության հրապարակում բերման է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին, ով զինված հարձակման կոչեր էր անում: Նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՀՀ ոստիկանությունը hունիսի 28-ին հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքը կդադարեցվի: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել էր, որ Բաղրամյանում «մնացողները կմաքրվեն» ու հավելել․«Ոստիկանական մեթոդներով կվերականգնվի պողոտայի երթևեկությունը: Մի քիչ ավելի խիստ կլինենք»:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը ժամը 19։00-ի սահմաններում հայտարարություն է արել՝ կոչ անելով հավաքվածներին տեղափոխվել Ազատության հրապարակ։ Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ ժողովուրդը ստիպեց իշխանություններին լուծում տալ հարցին և դա հաղթանակ է։

«Գնում ենք Ազատության հրապարակ ու չենք լսում սադրիչներին»,- ասել է Շուշանյանը։ Բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին լքել պողոտան ու, մնալով պողոտայում, շարունակել են վանկարկել «Բաղ-րամ-յան, Բաղ-րամ-յան»:

Ոստիկանությունը, սակայն, չի դիմել ֆիզիկական ուժի, ինչպես հայտարարել էր, «չի մաքրել» փողոցը: Ցուցարարները առաջարկել են կազմել աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի նստացույցը կազմակերպելու և անելիքների մասին ինֆորմացիան հասանելի դարձնելու համար: Մասնավորապես, քննարկվում է երեք պահանջ՝ չեղարկել սակագինը բարձրացնելու մասին որոշումը, պատասխանատվության կանչել ՀԷՑ-ի ղեկավարությանը, որի գործողությունների հետևանքով առաջացել է այս խնդիրը և պատասխանատվության կանչել հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրած ոստիկաններին:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը՝ խորհրդակցություն անցկացնելով Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հայտարարել է, որ մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Նախագահը նախ անդրադարձել է հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ցույցերին:

Մասնավորապես, նա նշել է, որ «այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել՝ մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով... նմանների հանդեպ իրավապահները եղել և լինելու են խիստ ու անողոք»:

Խոսելով հոսանքի սակագնի բարձրացման մասին, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝սակագնի բարձրացումն արդարացված է:

Նախագահի այս հայտարարությունը նախ որպես հաղթանակ ընդունվեց, ապա ակտիվիստների մի մասը բարձրաձայնեց, որ այդ առաջարկը, ըստ էության, չի բավարարում իրենց պահանջը, այն է՝ կասեցնել որոշումը: Ու որոշում ընդունվեց շարունակել բողոքի ակցիան ու մնալ Բաղրամյան պողոտայում մինչև իրենց պահանջի հստակ կատարումը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 28-ին հայտարարել է, որ Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձևով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում: Նա կոչ է արել, քաղաքացիներին չսրել իրավիճակը՝ ասելով, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 28-ի ուշ երեկոյան շարունակվող ցույցի մասին, որտեղ նշում է, թե այսօր պողոտայում «հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»:

Հունիսի 29-ի առավոտը Բաղրամյանում փորձեցին քանդել աղբամանների պատնեշը. հարուցվել է քրգործ` «Սանիթեքի» գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ, գրում է Tert.am-ը: Քրեական գործով կասկածյալներ չկան:

Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, որն ուղեկցում էր Վալերի Օսիպյանին, հայտարարեց, որ քննչական գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ է առգրավվել Բաղրամյան 3-ում գտնվող աղբամանները: Ուստի կոչ արեց երիտասարդներին չխոչընդոտել կատարվող գործողություններին:

Անհամաձայնության այս մթնոլորտում երիտասարդների` աղբամանները չտալու կողմնակիցներն հայտարարեցին, որ ցուցարարների անվտանգության և բռնությունների չենթարկվելու երաշխիքն են, և իրենք դրամահավաք կանեն, նոր աղբամաններ կգնեն «Սանիտեքի» համար, իսկ սրանք կպահեն:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

Նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելը գնահատում է որպես «բավականին ուշացած»: Ցուցարարների պահանջները չեն փոխվել՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---