Պերմյակովին հայտնաբերած ու ձերբակալած ռուս սահմանապահը հարցաքննվել է

Պերմյակովին հայտնաբերած ու ձերբակալած ռուս սահմանապահը հարցաքննվել է

PanARMENIAN.Net - Ավետիսյանների սպանության գործով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում 5-րդ դատական նիստում շարունակվել է վկաների հարցաքննությունը:

Առաջինը հարցաքննության է հրավիրվել Միխայիլ Խաչատրյանը՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սահմանապահ ջոկատի աշխատակից, սպա: Նա պատմել է, որ ճանաչում է գործով ամբաստանյալ Վ. Պերմյակովին: Վերջինս հունվարի 12-ի ուշ երեկոյան իր կողմից է ձերբակալվել սահմանին:

Դատավորն առաջարկել է պատմել այն ամենն, ինչ գիտի քրեական գործի մասին: Նա պատմել է, որ հունվարի 12-ի գիշերը, լույս 13-ին զորամասի հրամանատարությունը հրաման է արձակել, որպեսզի շտապ մեկնի ծառայության, քանի որ պահակակետից զինծառայող է փախել: Եկել է զորամաս ու ավագ սերժանտի հետ միասին խստացված ռեժիմով աշխատանքի անցել: Հատուկ վարժեցված շան հետ ինքն ու ավագ սերժանտը մեկնել են Մյասնիկյան 188 տուն, ուսումնասիրել տարածքը, մոտ 200 մետր գնացել ու կորցրել հետքը, դեպքի վայրում տեսել են նաև քաղաքացիական հագուստով երկու անձանց. ենթադրել են, որ ՀՀ ոստիկանությունից են:

«Դրանից հետո հրամանատարի հրամանով գնացի սահմանային ուղեկալ: Երբ ժամանեցի, այնտեղ արդեն իմացա ինչ է պատահել, դրանից հետո սահմանային ուղեկալում արդեն ուժեղացված ռեժիմով էր գնում հսկողությունը: Երբ եկանք ծառայության վայրը, տեսանք պոմպային մասում լապտերի լույսը: Նկատեցի, որ ինչ-որ մեկը լապտերի լույս է գցել, ես տեսա և զորամասի հրամանատարին ասացի այդ մասին: Տվյալ լապտերի լույսը մոտենում էր մեզ, թույլ տվեցինք, որ անծանոթը մոտենա, որ կարողանանք ձերբակալել, կանչեցինք, անծանոթը պատասխանել է՝ ձերոնցից եմ, այդ ժամանակ ես հասկացա, որ երևի թե դա փնտրվող անձն է: Երբ հրաման արձակեցի կանգնել, ինքը շարունակում էր շարժվել, ես նախազգուշական կրակոց արձակեցի, դրանից հետո անծանոթը կանգ առավ, ես հրամայեցի պառկել գետնին, դրանից հետո ես հրաման արձակեցի, որ սերժանտ Սումբուլյանը պատրաստի իր ավտոմատը: Հետո ժամանեց սերժանտ Մախսուդյանը, որից հետո օպերատիվ խումբ է եկել, իմ ուղեկալի զննությամբ հայտնաբերել եմ երեք հեռախոս, դրանից հետո հրաման եմ տվել սերժանտ Մախսուդյանին օգնել ինձ, այդ ժամանակահատվածում ինձ զանգահարել է զորամասի հրամանատարը»,- պատմել է Միխայիլ Խաչատրյանը, գրում է Galatv.am-ը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը վկայի՝ դատարանում տված ցուցմունքի ու նախաքննական ցուցմունքի միջև նկատել է անհամապատասխանություն:

Մասնավորապես այն, որ նախաքննության ընթացքում վկա սահմանապահը հայ քննիչներին չի պատմել, որ գիշերը փորձել են փնտրել Վ.Պերմյակովին: Վկան արձագանքեց, որ ռուս քննիչներին մանրամասն պատմել է ամեն բան, իսկ հայ քննիչներն իրեն այդ մասին չեն հարցրել: Բացի այդ, Խաչատրյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ միայն առավոտյան է իմացել, որ Պերմյակովը հենակետից զենքով փախել է, այնինչ դատարանում հայտնել է, որ գիշերն անգամ փնտրել են ամբաստանյալին: Հարցին, թե ինչքան են տևել որոնողական աշխատանքները, երբ նաև հայկական կողմն էր տեղեկացել կատարվածի մասին, վկան պատասխանել է.

«Մենք առաջին հերթին կանգնած սպասում էինք, երբ հայկական կողմը կգա, նրանք եկան 30-40 րոպե հետո, կանգնած սպասում էինք, ընդհանուր առմամբ զննությունը շատ արագ կատարվեց՝ 10-15 րոպե, առաջին տանը 12 հոգի էին, տանտերն ասաց, որ բոլորը քնած են, աղմուկ չեն լսել, տան մեջ կար ավտոտնակ, մտանք զննեցինք, ոչ ոք չկար, հայ իրավապահների հետ, ովքեր ժամանել էին, ու մենք»:

Հարցաքննվող վկային մի քանի հարց է ուղղել նաև փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա հետաքրքրվել է, թե Պերմյակովին հայտնաբերելուց հետո հարցրել են արդյոք նրան, թե ինչպես է հասել հայ-թուրքական սահմանի մոտ: Վկան պատասխանել է, որ հետաքրքրվել են, սակայն Պերմյակովն ասել է, որ ոչինչ չգիտի: Սարգսյանը հարցրել է նաև, թե ձերբակալման պահին կամ դրանից հետո Պերմյակովին հարցրել են՝ ինչու և ինչ պատճառով է կատարել սպանությունը: Սահմանապահը տեղեկացրել է, որ հետաքրքրվել են, իսկ Պերմյակովը պատասխանել է, որ ինքը ոչինչ չի արել:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Կարդացեք նաև՝ Ավետիսյանների սպանության գործով 4-րդ նիստն էր. Հարցաքննվել են վկաները (թարմացված)

Պերմյակովը դատական նիստին իրեն մեղավոր է ճանաչել «ամեն ինչում»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---