Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Մայր աթոռից արձագանքել են Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին՝ նշելով, որ հայ եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ կլիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները, և նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը, հայտնում է «Ազատությունը»։

Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։

«Արցախյան հակամարտության պատմության ամբողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է և շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված արդար իրավունքը։ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հավանաբար Հայ Եկեղեցու այս կեցվածքն է թյուրիմացաբար բնութագրում որպես ռևանշիզմ։ Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռևանշիստական քաղաքականությանը և տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային, 2020թ․ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացվող հայատյացության լայնամասշտաբ քարոզչությանը և հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստագրված դեպքերին», - ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները ապրիլի 9–ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին: Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---