// IP Marketing video - START// IP Marketing video - END

Որոշվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը պատրաստվելու է Եվրոպայի գալիք առաջնությանը

Փետրվարի 24-ից մարտի 3-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Շախմատ. Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 7-րդ տուրում հաղթանակներ են տարել համապատասխանաբար Սյույ Յույխուայի (Չինաստան) և Չժու Չենի (Քաթար) նկատմամբ:

PanARMENIAN.Net - Այդ հաղթանակներից հետո Դանիելյանն իր հաշվին ունի 6.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մարի Սեբագը (Ֆրանսիա), որն ունի 5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Համպի Քոներուն (Հնդկաստան) 4.5 միավորով:

Լիլիթ Մկրտչյանը 3 միավորով բարձրացել է 7-րդ հորիզոնական:

8-րդ տուրում Մկրտչյանը հանդիպելու է Նանա Ձագնիձեի հետ (Վրաստան), իսկ Դանիելյանը` Համպի Քոներուի հետ:

Մրցաշարն ավարտվելու է մարտի 5-ին, հաղթողը ստանալու է 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո:

Մարտի 11-25-ը Մոնակոյում տեղի է ունենալու ավանդական 20-րդ «Ամբեր» մրցաշարը, որտեղ աշխարհի լավագույն գրոսմայստերները մրցելու են երկու դիսցիպլիններում` արագ շախմատ և կույր շախմատ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Լևոն Արոնյանը, որը ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշի համաձայն 2808 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը:

ՖԻԴԵ-ն հրապարակել է նաև ուժեղագույն երկրների ցուցակը, որոնց շախմատիստները բերել են վարկանիշային միավորներ տարբեր միջազգային մրցաշարերից:

Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը: Հայաստանն ունի 33 գրոսմայստեր, 19 միջազգային վարպետ, և հայ շախմատիստները 2010-ին նվաճել են 75 տիտղոս: Առաջին տեղում է Ռուսաստանն է, երկրորդ տեղում՝ Ուկրաինան, երրորդ տեղում՝ Չինաստանը:

Ծանրամարտ. Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջնության ավարտից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանը համալրել է հավաքականի կազմը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի կազմում Ծաղկաձորում մարզվելու են Սմբատ Մարգարյանը, Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը, Էդգար Գևորգյանը, Գևորգ Պողոսյանը և Արթուր Բաբայանը:

«Մենք նախապատրաստվելու ժամանակ դեռ ունենք, և եթե մարզիկները հավաքների ժամանակ բարձր արդյունքներ ցուցաբերեն, ապա բոլորը հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել ԵԱ-ում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Պողոս Պողոսյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Կազանում ապրիլի 1-17-ը:

«Եթե առաջ մեր երկրի աղջիկները ծանրամարտով զբաղվում էին միայն Գյումրիում և Վանաձորում, ապա այս տարի առաջնությանը մասնակցել են նաև աղջիկներ Արարատից և Էջմիածնից: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ այս տարի ընդհանուր առմամբ Հայաստանի առաջնությանը մասնակցել են 26 ծանրորդներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանը:

Արդեն մարտի 7-ից հավաքականն Աբովյանում սկսելու է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որտեղ, մարզչի խոսքերով, մասնակցելու են երեք ծանրորդներ` Էլեն Գրիգորյանը (58 ք/կ), Մելինա Դալուզյանը (75 ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 ք/կ):

«Իհարկե, Եվրոպայի առաջնությունը կարևոր է, բայց մեզ համար տվյալ պահին գլխավորն է ուժեղ կազմով հանդես գալ աշխարհի առաջնությունում, քանի որ այն վարկանիշային է լինելու: Մեր խնդիրն է ուղևորվել օլիմպիական խաղերի լրիվ կազմով»,- ասել է նա:

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը փոխել է քաշային կարգը և հանդես է գալու 69 ք/կ-ում, պատրաստ է 50 տոկոսով. «Շատ լավ է, որ Նազիկը վերջապես առողջացել է, բայց նա պետք է լավ պատրաստվի ԱԱ-ին»:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ԵԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնի Կազանում:

Թենիս. Մարտի 1-ին Արգենտինայի հավաքականը Ռումինիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի 1/8 եզրափակիչի խաղից առաջ մամլո ասուլիս է տվել:

Դավիթ Նալբանդյանն ուրախացրել է իր երկրպագուներին և հայտարարել է, որ արդեն լավագույն մարզավիճակում է և մարտի 4-ին դուրս է գալու կորտ: «Բոլորը գիտեն, որ Դևիսի գավաթը շատ կարևոր է ինձ համար, և ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել Ռումինիայի հավաքականի դեմ խաղում»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է Արգենտինայի թենիսի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Նալբանդյանը խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականը համարվում է այս հանդիպման ֆավորիտը:

Արգենտինացիների ավագ Մոդեստո Վասկեսը Ռումինիայի հավաքականը համարում է լավ պատրաստված մրցակից:

Խաղերը կայանալու են մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում:

Բռնցքամարտ. Վանես Մարտիրոսյանը, որը 28 մենամարտ անցկացրել է առանց պարտության, իր հաջորդ մարտն անցկացնելու է մարտի 19-ին Մոնրեալում «Bell Centre» կենտրոնում: Մարտիրոսյանի մրցակիցը լինելու է Բլադիմիր Էրնանդեսը (18-4, 16KOs), հաղորդում է fightnews.com-ը:

Դա հայ բռնցքամարտիկի առաջին մենամարտն է վերջին 9 ամսվա ընթացքում, որից հետո Մարտիրոսյանն ապրիլի 23-ին WBC վարկածով արծաթե գոտու համար հանդիպելու է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ (34-8, 29 KOs): Մենամարտը կայանալու է Օկլահոմայում «Winstar» կազինոյում:

Այդ զույգի հաղթողը դառնալու է Սաուլ Ալվարես-Մեթյու Հաթոն զույգի հաղթողի հետ մարտի հավակնորդը, որոնք ռինգ են դուրս գալու մարտի 5-ին:

«Super Six»-ի շրջանակներում իմ անցկացրած երկու մենամարտերը հաղթանակով են ավարտվել: Իմ երազանքն է դառնալ այդ առաջնության հաղթող, ուստիև ես համաձայնեցի այնտեղ ելույթ ունենալ: Մտքով և մարմնով ես կենտրոնացել եմ Աբրահամի հետ մենամարտի վրա և ցանկանում եմ տպավորիչ հաղթանակ տանել»,- eastsideboxing.com-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Աբրահամի մրցակից Անդրե Ուորդը:

Անդրադառնալով Աբրահամ-Ստեֆան Բոժիչ մենամարտին, որում հայ բռնցքամարտիկը տեխնիկական հաղթանակ է գրանցել, Ուորդն ասել է. «Մենամարտն ընդամենը երկու ռաունդ տևեց, և իրականում երկրպագուները գեղեցիկ բռնցքամարտ չտեսան: Բոժիչն ու ես տարբեր բռնցքամարտիկներ ենք, և չգիտեմ, թե այդ մենամարտն ինչ է տվել Աբրահամին»:

«Super Six» առաջնության կիսաեզրափակիչ մենամարտը բռնցքամարտիկների միջև կկայանա մայիսի 14-ին Օուքլենդի «Home Depot»-ում, որտեղ ծնվել է Ուորդը: 27-ամյա բռնցքամարտիկն ասել է, որ իր 23 մենամարտերից 19-ը Օուքլենդում չի անցկացրել, և իր համար տարբերություն չկա, թե որտեղ են անցկացվում իր մենամարտերը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»