// IP Marketing video - START// IP Marketing video - END

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Լևոն Արոնյանը

Ապրիլի 28-ից մայիսի 5-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Շախմատ. ՖՒԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակը: Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը 2808 միավորով: Վարկանիշի առաջատարն է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2817 միավորով, երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2815 միավորով: Կանանց թվում Էլինա Դանիելյանը 14-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 31-րդ: Սերգեյ Մովսիսյանը 35-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 71-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 65-րդ: Աշխարհի ուժեղագույն շախմատային երկրների ցանկում Հայաստանը 2654 միավորով չորրորդն է:

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կազանում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշրը, որը կավարտվի մայիսի 27-ին: Լևոն Արոնյանն (2808) ունի ամենաբարձ վարկանիշը մասնակիցների թվում: Նա սպիտակներով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի հետ (ՌԴ, 2747):

Մյուս պարտիաներում կհանդիպեն Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2785)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2744), Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2772)-Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2733), Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2775)-Գատա Կամսկի (ԱՄՆ, 2732) զույգերը:

Քառորդ եզրափակիչ պարտիաները տեղի կունենան մայիսի 5-8-ը, կիսաեզրափակիչները՝ մայիսի 12-15-ը, իսկ եզրափակիչները՝ մայիսի 19-21-ին ու 23-25-ին: Շախմատիստները միայն 5 հանգստյան օր կունենան՝ մայիսի 10, 11, 17, 18 և 22-ը: Պարտիաների սկիզբը Երևանի ժամանակով 16:00-ին է:

Մրցաշարի հաղթողը 2012թ. շախմատի թագի համար կպայքարի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ:

Բռնցքամարտ. Արթուր Աբրահամը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է ԱՄՆ` Անդրե Ուորդի դեմ մենամարտին պատրաստվելու համար:Հայ բռնցքամարտիկը և նրա թիմը մեկնել են ԱՄՆ այն բանից հետո, երբ փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը հաստատում է ստացել, որ այդ մենամարտում ռինգի մրցավար է լինելու Լուիս Պաբոնը Պուերտո Ռիկոյից:

Վերջին շաբաթվա ընթացքում Զաուերլենդը կանոնավոր կերպով հայտարարություն է արել այն մասին, որ մտադիր է բոյկոտել գալիք մենամարտը, եթե Կալիֆորնիա նահանգի Բռնցքամարտի հանձնաժողովը մենամարտին ներկայացնի տեղի մրցավարի: «Մենք շատ ուրախ ենք, որ մրցավարների և ռինգի մրցավարի հետ կապված բոլոր տարաձայնությունները հաջողվել է լուծել: Կալիֆորնիայի հանձնաժողովը և Ուորդի փրոմոութեր Դեն Գուսենը վերջ ի վերջո որոշել են հետևել կնքված պայմանավորվածություններին»,- Զաուերլենդի խոսքերը հաղորդում է boxnews.com-ը:

Այն բանից հետո, երբ IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հաղթանակ է տարել Յոննի Պերեսի նկատմամբ, կրկին սկսել են լուրեր պտտվել Նոնիտո Դոնեյրայի հետ նրա ռևանշի մասին:

Ըմբշամարտ. Մայիսի 4-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Եվրոպայի առաջնության արդյունքները, որտեղ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ:

Ֆեդերացիայի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանի խոսքերով հայ ըմբիշների ելույթները նորմալ են գնահատվել: «Քանի որ Եվրոպայի առաջնությունն այս տարվա ամենակարևոր մրցաշարը չէր, կարծում ենք, որ մեր հավաքականները լավ արդյունք են ցուցաբերել: Մեր խնդիրն է տվյալ պահին լավ ելույթ ունենալ Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու»,- ասել է Ստեփանյանը:

Նա նշել է, որ ֆեդերացիայի գլխավոր նպատակն է զարգացնել Հայաստանում այդ մարզաձևը հատկապես երկրի սահմանամերձ մարզերում: Նրա խոսքերով, կարևոր է նաև բարձրացնել մարզիչների և մրցավարների որակավորումը: Նախատեսվում է կառուցել մարզական բազա, որը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: «2010-ին բյուջեից մեր ֆեդերացիան ստացել է 22 մլն դրամ, իսկ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հատկացրել է 1.5 մլն դոլար: Արդեն որոշում ենք վայրը, որտեղ կառուցվելու է բազան»:

Ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը նշել է, որ 200-250 մարզիկներ ամեն ամիս, կախված իրենց ձեռքբերումներից, ստանում են դրամական պարգևներ 50-650 հազար դրամի չափով: «Դրամական պարգևներ ստանում են նաև պատանի ըմբիշները, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցնում ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային մրցաշարերում»,- ասել է Ենոքյանը:

Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո, ըմբշամարտի ֆեդերացիան մտադիր է հայտ ներկայացնել Հայաստանում խոշոր միջազգային մրցաշար` Եվրոպայի և աշխարհի առաջնություն, վարկանիշային մրցաշարեր անցկացնելու համար:

Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջնության, որը կայանալու է Ստամբուլում սեպտեմբերի 10-ից և վարկանիշային է լինելու: Բացի այս առաջնությունից, արդեն 2012-ի սկզբին տեղի են ունենալու միջազգային մրցաշարեր Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում:

«Վարկանիշային միավորներ կբերեն աշխարհի առաջնությունում 1-5-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները, 1-2-րդ տեղերը` Բուլղարիայում, 1-4-րդ տեղերը` Չինաստանում, 1-3-ը տեղերը` Ֆինլանդիայում: Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք, գլխավորը, որպեսզի մեր ըմբիշները վնասվածք չունենան և 100 տոկոսով պատրաստ լինեն, և մայիսի 20-ից կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Հունահռոմեական ոճի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի խոսքերով, տարին նրանց համար լավ է սկսվել` տարբեր միջազգային մրցաշարերում, այդ թվում` Եվրոպայի առաջնությունում նվաճել են մեդալներ: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մեր հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: ԵԱ-ից հետո այսօր սկսվում է մեր առաջին հավաքը, մենք ունենալու ենք տարբեր մրցաշարեր, որոնցից հետո մեկնելու ենք Ստամբուլ»,- ասել է Ջուլֆալակյանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»